Ամենաշատը հոգեբանական բռնության են ենթարկվում հենց հաշմանդամություն ունեցող կանայք։ Շիրակի մարզն առաջատարներից է բռնության դեպքերով»․ «Ագաթ» ՀԿ

Մասնագետներն ասում են՝ ոստիկանությունը չի վարում տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող քանի՞ կին է բռնության ենթարկվում, եթե նման վիճակագրություն վարվեր, ապա խնդրին ավելի հեշտ լուծում կտրվեր
Կանանց տոների միամսյակի ավարտին, ապրիլի 7-ին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրել է ֆլեշմոբ՝ «Իրավունքներ ամեն օր և բոլորի համար» խորագրով։
Կանայք պետք է ապրեն առանց կարծրատիպերի և բռնության, ունենան հավասար իրավունքներ։ Միջոցառումը սրան է միտված։ Ֆլեշմոբի հիմնական մասնակիցները հաշմանդամություն ունեցող կանայք էին, ովքեր Գյումրի էին եկել նաև հանրապետության այլ մարզերից։
Փոքրիկ ցուցադրություն իրականացրեցին՝ տեղադրել էին թղթե պատ, որը խորհրդանշում էր բռնությունը, ապա քանդեցին բռնության այդ պատը, այնուհետ տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, որոնցով նրանց իրազեկեցին բռնության չորս տեսակների մասին՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական։
23-ամյա Սվետա Խաչատրյանը Գեղարքունիքից Գյումրի է եկել՝ մասնակցելու միջոցամանը։
Նա Regions TV-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ խոչընդոտների է հանդիպել որպես հաշմանդամություն ունեցող կին․«Դպրոցական տարիներից սկսած՝ իմ հաշմանդամության հետ կապված շատ եմ բախվել խնդիրների, հետո նաև աշխատանքի ընդունվելու դիմելիս։ Նաև քոլեջում էի սովորում, բայց հիմա չեմ սովորում, թեև շատ մեծ ցանկություն ունեմ։ Ուղղակի խտրական է հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ»։
Սվետան 2 տարի է՝ «Ագաթ» ՀԿ-ի շահառու է, լավ իրազեկված է իր իրավունքների մասին․«Շատ բան եմ հասկանում, փորձում եմ դեմ գնալ հասարակությանը։ Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս այն, որ բոլորս հավասար ենք, կապ չունի ինչ խնդիր ունենք, ինչ մակարդակի վրա ենք, ուղղակի բոլորս պետք է հավասար լինենք»։
«Ագաթ» ՀԿ-ի հաղորդակցության պատասխանատու Լենա Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այսպիսի միջոցառման նպատակն է, որպեսզի կանանց չհիշեն մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին միայն ծաղիկներով, նվերներով։ Ըստ նրա, կանայք պետք է հասարակական կյանքում հավասար քայլեն տղամարդկանց հետ, որպեսզի կարողանան իրենց իրավունքներն ամբողջովին իրացնել։
«Մենք տեսնում ենք, թե 21-րդ դարում ինչքան են կանայք խոցելի։ Կուզենայի խոսել նաև հոգեբանական բռնության մասին, քանի որ այն ներկայացված է մեզանում հենց օրինակ կարծրատիպային բառերի միջոցով։ Ամենաշատը հոգեբանական բռնության ենթարկվում են հենց հաշմանդամություն ունեցող կանայք, որովհետև շրջապատում նրանց դիմում են այնպիսի բառապաշարով, որ հաճախ դիմողները չեն էլ գիտակցում, որ վիրավորում են, խոցում են հաշմանդամություն ունեցող կանանց»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի խնդիրն է կանանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին ու բոլոր մարզերում հնարավորինս տարածել պաշտպանության մեխանիզմները։
Լենա Հովհաննիսյանի խոսքով, մարզեր կան, որտեղ չկան կազմակերպություններ, որ զբաղվեն հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներով, բարձրացնեն մարդկանց իրազեկվածությունը, որպեսզի կանայք զերծ մնան բռնություններից։ Դա Գեղարքունիքն է, Սյունիքը, Վայոց Ձորը, որտեղ ընդդեմ բռնության իրազեկման արշավները գրեթե տեղ չեն հասնում։
«Ոստիկանությունը չի վարում տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող քանի՞ կին է դիմել իրենց, երբ բռնության է ենթարկվել, այսինքն սա բավականին տխուր ցուցանիշ է։ Չկա առանձնացում։ Այս պարագայում, եթե ունենայինք թվային տվյալներ, ապա խնդրին ավելի հեշտ կկարողանայինք լուծում տալ։ 2024-ին նույնպես Շիրակը բռնության դեպքերով շարունակում է մնալ առաջատարներից, ինչպես նաև Գեղարքունիքը։ Երբ թիվն աճում է, դա նշանակում է, որ դեպքերի բարձրաձայնումներն են շատ»,- հավաստեց Լենա Հովհաննիսյանը։
Կարինե Կազարովա