«Դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությունը մասնավոր կարծիք է, չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը»․«Հայրնեիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Կուսակացության հայտարարության մեջ նշված է, որ «Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ «Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։
«Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։
Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։
Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։
Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններում դաշինքի մաս կազմող «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում մասնակցել է բանավեճի, որտեղ անդրադարձել Գյումրու ըննտրությունների արդյունքներին։
«Հայրենիք» կուսակցության և Մարտուն Գրիգորյանի հայտարարություններն, ամենայն հավանականությամբ, վերաբերում են Երվանդ Թարվերդյանին։
Նշենք, որ այսօր Մարտուն Գրիգորյանն էլ է հայտարարություն տարածել, որտեղ նշում է․«․․․բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու»։