Ալիև․Հայաստանն իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից | Region

Ալիև․Հայաստանն իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից

Ապրիլ 09,2025 12:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ։ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ»՝ ADA համաժողովում հայտարարել է․«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք։ Սակայն ագրեսիան, ավերածությունները, և Ադրբեջանի ժողովրդի տառապանքները  թույլ չեն տվել դրա իրականացումը»։

Ադրբեջանական լրատվամիջոցնների փոխանցմամբ՝ Ալիևն ասել է՝ Հարավային Կովկասը չի ինտեգրվել, թեև տնտեսական, տրանսպորտային ուղիների և, իհարկե, էներգետիկ անվտանգության տեսանկյունից դա կարող էր տեղի ունենալ։

«Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները վառ օրինակն են բոլոր այն սեգմենտնների, որոնց մասին ես հենց նոր խոսեցի՝ էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, քաղաքական երկխոսություն, ներդրումներ, տնտեսական օգուտներ։ Հայաստանը փաստացի իրեն զրկել է այս ամենից։ Ըստ էության, օկուպացիայի և ագրեսիայի արդյունքում նա իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»։

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Սյունիքով անցնող ճանապարհ, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին, Բաքվի պահանջն է՝ ճանապարհ առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ տարանցում: Երևանը պնդում է՝ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցներն, Ալիևն անդրադարձել է նաև Խաղաղության համաձայնագրին, նշելով, որ  «եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվի համաձայնագիր, ապա, իհարկե, այդ ժամանակ համագործակցություն սկսելու ոչ մի խոչընդոտ չի լինի։ Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, որովհետեւ, կրկին, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»։

Ապա Ալիևը կրկին պահանջներ է ներկայացրել համաձայնագիրը ստորագրելու համար՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն․«Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք սպասում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության եւ նրանց սահմանադրության հարցում»։

Հիշեցնենք, Երևանը բազմիցս նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Նորություններ