2024-ին ՀՀ-ում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 333 մարդ, վնասվածք ստացել՝ 6116 մարդ

2024 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վնասվածք ստացել՝ 6116 մարդ։ Այս մասին այսօր խորհրդարանում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նրա ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ նախորդ տարի զոհերով և վիրավորներով 4314 ՃՏՊ է արձանագրվել։
Ոստիկանապետի խոսքով․«Նախորդ տարվա համեմատությամբ՝ պատահարների քանակը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 421-ով»։
Համեմատելով 2024 և 2015 թվականներին տեղի ունեցած ՃՏՊ-ների ցուցանիշը և նույն թվականներին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակական ցուցանիշը, ապա, ըստ ոստիկանպետի, 2015 թվականի համեմատությամբ՝ 2024-ին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է մոտ 400 հազարով կամ՝ 73.7 տոկոսով։
2015-ի համեմատ՝ 2024 թ-ին ՀՀ-ում արձանագրված տրանսպորտային պատահարների թիվը, Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ավելացել է 915-ով կամ՝ 26.9 տոկոսով։