Մոսկվան ակնկալում է, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն․Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
Նա նշել է, որ ՀՀ հարավում ռազմավարական կարևոր տարածաշրջանում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ դա կարող է նշանակալի խթան հաղորդել առևտրաշրջանառության, ներդրումների, սոցիալական, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և տարածաշրջանի փոխադարձ կապերի հաստատմանը։
Հիշեցնենք, որ դեռ 2024-ի հունիսին ՌԴ փոխարտգործնախարարն էր հայտարարել, որ Մոսկվան ակնկալում էր Կապանում հյուպատոսություն բացել 2024 թվականի վերջին։
Մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերաբերյալ տեղեկությունները, Զախարովան ասել՝ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին:
Նա կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ՌԴ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել․«Բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»։
Զախարովան ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել գործընկերներին Խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում, ինչպես նաև ՌԴ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունների: