ՀՀ ԶՈՒ-ում 2024-ին արձանագրվել է սպանության 9 դեպք, խոշտանգման՝ 6, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ՝ 8, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման 4 դեպք․զեկույց | Region

ՀՀ ԶՈՒ-ում 2024-ին արձանագրվել է սպանության 9 դեպք, խոշտանգման՝ 6, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ՝ 8, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման 4 դեպք․զեկույց

Ապրիլ 11,2025 13:56

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, իսկ 2023 թվականին` 2358 դեպք: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով:

Այս մասին նշված է գլխավոր դատախազության 2024 թվականի տարեկան զեւկույցում։

Ըստ դատախազության՝ արձանագրված 2093 դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմում է 803, 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ են եղել, այդ թվում` 715-ը կամ 53.7%-ը` զինվորական: 2023 թվականին արձանագրված 1555 հանցագործություններից  847-ը զինվորական հանցագործություններն են։ 2024-ին արձանագրված այլ հանցագործությունների թիվը կազմել է 616-ը կամ 46.3%-ը, 2023-ին՝ 708։

Ըստ զեկույցի՝ 2023 թվականի համեմատ՝ պատահարները նվազել են 41 դեպքերով կամ 5.1%-ով, հանցագործությունները նվազել են 224- ով կամ 14.4%-ով:

Զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 132-ով կամ 15.6%- ով, իսկ այլ հանցագործությունները՝ 92- ով կամ 13%-ով:

«Հաշվետու տարում դեպքերի նվազումը, ի թիվս այլնի, պայմանավորված է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ»,-նշված է զեկույցում:

2023 թվականի ընթացքում արձանագրված 1555 հանցագործություններից 320-ը կամ 21% են եղել ծանր և առանձնապես ծանր, որոնցից 242-ը` ծանր, իսկ 78-ը՝ առանձնապես ծանր հանցագործություն։ Իսկ 2024 թվականին արձանագրված 1331 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են եղել 217-ը, որոնցից 178-ը` ծանր, 39-ը` առանձնապես ծանր:

Առանձնապես ծանր հանցագործության 39 դեպքերից  3-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքերն են, 11-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 9-ը` սպանության, 3-ը` սպանության փորձի, 6-ը՝ մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգման, 4-ը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման, 2-ը՝ անզգուշությամբ մարդու մահ առաջացրած իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու և 1-ը՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքեր են:

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, իսկ 2023-ին՝ 54:

Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն՝ 4 (ԵԿՄ անդամ), սպանություն՝ 5 (որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ)), անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու  7 դեպք է արձանագրվել, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3 (որից 1 ԵԿՄ անդամ) և դժբախտ պատահար՝ 1:

Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 174 զինծառայողներ, 2023 –ին՝ 343։ 174 դեպքերով մարմնական վնասվածքները պատճառվել են հանցագործությունների հետևանքով: 23 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, 2023 թվականին՝ 67։

Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում նախորդ տարի արձանագրված 1331 ենթադրյալ հանցագործության դեպքերից 317-ը զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններն են, 2023 թվականին նշված հանցագործությունների թիվը կազմել է 350։

Անցած տարի զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 218, 2023-ին՝ 240։

Ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործություններ (ՀՀ քրեական օրենսգրքի 532-537 հոդվածներ)՝ 17 (2023 թվականին՝ 58, նվազում՝ 41-ով կամ 71%- ով),

Զինվորական պաշտոնեական հանցագործությունների թիվը կազմել է 105, 2023 թվականին՝ 146։

Ըստ դատախազության զեկույցի՝ 2024-ին կյանքի և առողջության դեմ ուղղված  39 հանցագործություն է կատարվել, 2023-ին՝ 96։

Անձի ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված  66 հանցագործություն է կատարվել, 2023-ին՝ 63 հանցագործություն։

2024-ին արձանագրվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  8  հանցագործություն, 2023 թվականին՝ 7։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 150, իսկ  2023-ին՝ 168, նվազում։

Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է ՝ 9, 2023 թվականին՝ 4, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝  164, 2023 թվականին՝ 176,  բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 135, 2023 թվականին՝ 127։

Զեկույցում նշված է՝  ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին, առավել շատ հանցագործությունները կատարվել են ժամկետային զինծառայողների կողմից` 590, որից 27-ը ԱԱԾ սահմանապահ զորքերում (ՍԶ), 2023 թվականին՝ 591, որից 6-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Անցած տարի պայմանագրային զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմել է 349, որից  ԱԱԾ ՍԶ` 7, իսկ 2023 թվականին` 336, որից 6-ը՝ ԱԱԾ ՍԶ։

Սպաների կողմից կատարված հանցագործությունների թիվն անցած տարի կազմել է 172, որից 1-ը՝ ԱԱԾ ՍԶ, 2023 թվականին` 242, ենթասպաների կողմից` 24 հանցագործություն, 2023 թվականին` 22:

Բացի այդ, հանցագործություններ են կատարվել նաև քաղաքացիական անձանց կողմից` 74, իսկ 2023 թվականին` 133, դեռևս չպարզված անձանց կողմից 85 հանցագործություն, 2023 թվականին` 26:

«Վերլուծությունը ցույց է տվել, որ 2024 թվականին արձանագրված առերևույթ հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում սպաների տեսակարար կշիռը կազմել է 15.2%, 2023 թվականին` 20.4%, ենթասպաներինը՝ 2.2% 2023 թվականին` 2%, պայմանագրային զինծառայողներինը՝ 30.8%, 2023 թվականին` 28.3%, ժամկետային զինծառայողներինը՝ 52%, իսկ2023 թվականին` 50%»,-նշված է դատախազության զեկույցում։

Նորություններ