Ռուբինյանն Անթալիայում հանդիպել է Քըլըչի հետ, փոխարտգործնախարարն էլ՝ թուրք իր պաշտոնակցի

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը X—ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ֆորումի շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ է։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,-գրել է Ռուբինյանը։
ՀՀ ԱԳՆ –ն դեռևս տղեկություններ չի հրապարակել Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։
Անթալիայի ֆորումին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահը։
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ևս X-ում լուսանկար է հրապարակել, նա հանդիպել է թուրք իր պաշտոնակցի հետ: Կոստանյանը գրել է․« Կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»։
Ապրիլի 11-ից 13-ը Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի (ADF 2025) շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։
Վաղը Անթալիա է մեկնելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հրաժարվել է մասնակցել ֆորմունին, որպես պատճառ նշելով Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։
Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։