Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճով․ հույս ունեմ, որ ԵՄ առաքելությունը կարող է ընդլայնվել․Ժան-Նոել Բարրո

«Շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Հույս ունեմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալվածները՝ բանտարկյալները, պետք է ազատ արձակվեն», այս մասին Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին Х-ում հրապարակել է Ժան-Նոել Բարրոյի ճեպազրույցից տեսանյութ, առանձնացնելով Բարրոյի խոսքերը։
ԵՄ Խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի եւս երկու տարով երկարացման մասին, այն երկարացվել է մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը։