«Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»․Փաշինյան

«Դա մեր աշխատանքն է, և մենք մտադիր ենք հետևողականորեն կատարել մեր աշխատանքը։ Յուրաքանչյուր ծրագիր ջանք և հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն է պահանջում։ Ընդհանրապես ոչ միայն միջազգային, այլեւ ներքին տրամաբանության մեջ այնպես չի, որ ծրագրերը, որ մենք դնում ենք սեղանին կամ ընդունում ենք, այդպես միանգամից ստացվում են։ Դա մեր օրակարգն է»,-անդրադառնալով խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ճանապարհների ապաշրջափակման մասին էլ ասաց՝ որևէ մեղմացում չի նախատեսվում, ՀՀ-ն իր դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում գրավոր կերպով ներկայացրել է վաղուց, տարբեր մեկնաբանություններից խուսափելու նպատակով։
Չեն լինելու մեղմացումներ, սակայն նույն հարցի առնչությամբ «պարզեցումները» վարչապետը հնարավոր է համարում․«Պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների, չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբոբղջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Այս փուլում առաջարկում ենք բացել երկաթուղային կապը՝ Հորադիս-Երասխ երկայնքով՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումներին»։
Փաշինյանը վստահեցրեց՝ իրենց առաջարկած լուծումները փոխադարձ ընդունելի են, և որևէ համաձայնագիր չի կարող կասկածի տակ դնել ՀՀ-ի ինքնիշխանոությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը։ Համաձայնագրի հրապարակումը այս պահին հնարավոր չէ միայն դիվանագիտական նրբությունների, և որոշ կետերի համաձայնեցված չլինելու պատճառով։
Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում սահմանազատման գործընթացը, և ի՞նչ առաջարկներ է արել ՀՀ-ը, Փաշինյանը պարզաբանեց՝ համաձայնություն կա, որ սահմանազատումը իրականացվելու է հյուսիսից հարավ, միակ խնդիրը այն է, թե հյուսիսից հարավ ո՞ր ուղղությամբ։ Այս հարցով ՀՀ Կառավարությունը ներկայացրել է իր պաանջները, և սպասում է Ադրբեջանի պատասխանին։
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել ՀՀ Սահամանադրությունը, սա, ըստ Բաքվի, խոչընդոտ է Խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս առնչությամբ էլ Փաշինյանն ասաց․«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»։
Ապա հիշեցրեց՝ Անկախության հռչակագրի օրվա առիթով իմ ուղերձում ասել եմ, որ Անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով՝ իմ կարծիքն այն է, որ այդ տեքստը նրա մասին է, որ ՀՀ անկախ պետականություն չի կարող լինել․« Եթե ես սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի Անկախության հռչակագրին հղում։ Ընդհակառակը՝ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»։
Նիկոլ Մարգարյան