Խաչատուր Սուքիասյանը կորցրեց ինքնատիրապետումը, վիրավորեց լրագրողին ու կրկնեց՝ 44-օրյայի ժամանակ մեծ մասը չի կռվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր խորհրդարանում հունից դուրս եկավ, երբ լրագրողները փորձում էին նրան հարցեր տալ երեկվա իր հայտարարության մասին։
«Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկից հարցին չեմ պատասխանում։ «Հայտարարությամբ հանդես եմ եկել, լռեք: Շփոթվել եմ, հետո հայտարարություն եմ տարածել»,-լրագրողներին տեսնելուց հետո ասաց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ հարցազրույցում ասել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել եւ ընդամենը 10 զոհ են ունեցել: Նրա այս հայտարարությունը վրդովմունք էր առաջացրել հանրության շրջանում, նրան քննադատեցին կեղծ թվեր հրապարակելու և արցախցիների նկատմամբ ատելություն տարածելու համար։ Ժամեր անց Սուքիասյանը հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով ու նշելովո, որ սխալ թիվ է հնչեցրել՝ 210 զոհի փոխարեն ասել է 10 զոհ։
Այսօր խորհրդարանում, երբ լրագրողները փորձեցին նրան հարցեր տալ, նա բավականին բարձր ու զայրացած տոնով, բղավելով ասաց՝ չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք։
« Չեմ ուզում հարցազրույց տալ: Դու շատ վատ մարդ ես: Դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եք: Երբ եղել էր պայթյունի դեպքը, պահի տակ 210-ի պահով 10 ասեցի: Ես ուզում էի ասել, որ մարդիկ պայթյունից էլ են զոհվել: Մարդ եմ, ուղեղիս մեջ էդ թիվն եղել, ներողություն եմ խնդրել, անհարմար չի՞: Մարդ եմ, չէ՞: Մեքենայի մեջ հիշեցի, որ սխալ թիվ եմ ասել, զանգել եմ մեր տղաներին, ասել եմ՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել: Կա՞ մարդ, որ չի շփոթվում»,- ասաց Սուքիասյանը։
«Վատ մարդ», «ձեր յութուբներով» այս խոսքերը Սուքիասյանն ուղղեց FactorTV-ի լրագրող Նարեկ Սուքիասյանին։ Նա շատ կոպիտ խոսեց լրագրողի հետ՝ ձեռքերը թափահարելով խոսափողը հրեց։ Հետո մեղադրեց լրագրողին, թե նա սկանդալ է փնտրում, որպեսզի շատ դիտումներ ունենա, ինչի շնորհիվ էլ՝ եկամուտ։
Այդուհանդերձ, լրագրողները շարունակեցին հարցեր տալ։
«Նորից հատուկ կրկնեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժա արել, մի մասն ինադու տվայլներ է տվել, սա բոլորը գիտեն։ Դատական պրոցեսներով կտեսնեք։ Ես ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ, իրեն հետ հաճախակի եմ շփվում, շատերին աշխատանքի եմ տեղավորել՝ իմ ընկերներին, ոչ ընկերներին։ Շատ լավ մարդիկ կան, աշխատասեր լավ մարդիկ կան»,-հայտարարեց պատգամավորը։
Հարցին՝ եթե չեն կռվել, 3000 զոհ որտեղի՞ց, Սուքիասյանը պատասխանեց․«3000 –ից ավելի զոհ տվել է ընդահանուր Հայաստանի և Ղարաբաղի բնակչությունը։ 150 հազար Արցախի բնակչությունը, որը պետք է պաշտպաներ իր սահմանները, նրանք ինչքա՞ն են զոհվել, Հայաստանից ինչքա՞ն են զոհվել, երբ նայում ենք կշիռը, էդքան էլ էդպես չի, դրա համար էր շատերը չեն կռվել»։
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին էլ Սուքիասյանն ասաց․«Սեպտեմբերին արցախցիները մնացել էին մենակ, որովհետև ՀՀ-ից օգնություն չի եղել»։
Հարցին՝ ՀՀ-ն երաշխավորն էր Արցախի անվտանգության, չպե՞տք է պաշտապաներ, Սուքիասյանը պատասխանեց․«Հայատանի Հանրապետությունը մեր միակ միջազգայնորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգույշ, խելոք լինենք, և պետք է այնպես անենք, որ ՀՀ-ն շատ ռիսկերի չդիմի, ու հարատև լինի»։