Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մաստեր կլաս է անցկացրել պատանի ըմբիշների հետ

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Տոկիոյի եւ Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունը Սլովակիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո հանդիպել է ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող երեխաների հետ եւ մաստեր կլաս անցկացրել:
Պատանի ըմբիշների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Եվրոպայի քառակի չեմպիոնը պատմել է իր անցած ճանապարհի մասին, ցույց տվել մի քանի հնարք, նաեւ ցուցադրել Սլովակիայում նվաճած իր արծաթե մեդալը:
Եվրոպայի քառակի չեմպիոնը երեխաների հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:
«Հանդիպեցի ապագա չեմպիոնների հետ։ Ուրախ էի կիսվել իմ փորձով, տալ սրտանց խորհուրդներ եւ հիշեցնել, որ ամեն ինչ սկսվում է հավատքից։
Հավատացեք ձեր արած աշխատանքին, հավատացեք Աստծուն, շատ աղոթեք, ու դուք էլ մի օր կդառնաք չեմպիոններ։ Ես վստահ եմ դրանում»,- տեսանյութին կից գրել է Արսեն Հարությունյանը: