Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան | Region

Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

Ապրիլ 18,2025 15:04

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների (տարազ) պատրաստման և ձեռքբերման գործընթացը՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:

Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ  Գյումրի քաղաքի բնակիչը, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրությանը մասնակցելու և իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար երկու ընտրողի որպես ընտրակաշառք խոստացել և առաջարկել է դրամական միջոց: Վերջիններս ընդունել են առաջարկը՝ խոստանալով նշված ընտրակաշառքի դիմաց քվեարկել տվյալ կուսակցությունների դաշինքի օգտին:

Բացի այդ, նույն անձը հիշյալ ընտրողների հետ պայմանավորվել և նախնական համաձայնության է եկել ընտրությանը մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու նպատակով այլ ընտրողների նույնպես առաջարկել և տալ դրամական միջոցներ: Ըստ այդմ՝ նրանք վերցրել են ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ նրանց ընտրակաշառք առաջարկելու պայմանով:

Ընտրակաշառք տալու, ստանալու ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել  խոստովանական ցուցմունքեր:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել են մեղադրական եզրակացությունները, և վարույթների նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նորություններ