Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից. Ինֆոքոմ

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։
Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Վահագն Բաղդասարյանը, 1997 թվականին հիմնադրել է «Ճանշին» Փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է դրա սեփականատերն ու տնօրենը։
«Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։
Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ընտրված ավագանու անդամ էր, ընկերությունը մասնակցել է 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ, այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է այդ տարիներին համայնքի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների գումարների 40%-ը կամ 904 միլիոն դրամից 358 մլն դրամը։
«Ճանշին» ՓԲԸ-ի հետ ամենախոշոր՝ 73 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերին․ Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար համայնքը բաց մրցույթ է հայտարարել, որի 5 մասնակիցներից հաղթող է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն։
Այս ընկերության հետ վերջին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսին։ Ըստ հայտարարված մրցույթի՝ հաղթող մասնակիցը պետք է իրականացներ Արթիկի 14 բնակավայրերի փողոցների սալապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնելու համար իրականացվել է գնանշման հարցում և «Ճանշին» ՓԲԸ-ն 14 չափաբաժնից 2-ով հաղթող մասնակից է ընտրվել։ Աշխատանքներն իրականացնելու համար ընկերության հետ կնքվել է ընդհանուր 58 մլն դրամի պայմանագիր։
Այս թեմայով հարցեր էինք ուղղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, այդ թվում խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, և հաղթել է ամենացածր գին ներկայացրած ընկերությունը:
Ըստ համայնքապետի՝ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ Վերոնշյալ արձանագրությունները, սակայն, ներկայացվում են ընթացակարգը գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։
Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը
2022-2024 թվականներին Արթիկ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը։ Այս ԱՁ-ն տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ ավելի քան 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 30 պայմանագիր է կնքել համայնքի հետ, որոնցից 15-ի դեպքում վերահսկել է ճանապարհաշինարարական աշխատանքները։
Այս մրցույթների գնահատող հանձնաժողովների անդամների և Վահրամ Կնյազյանի տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վերջինիս եղբոր կինը՝ Արփինե Փանոյանը, և հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մարիամ Փանոյանը, զարմուհիներ են։
Չնայած այս բարեկամական կապը չի դասվում գնահատող հանձնաժողովի անդամների՝ որոշումներին մասնակցությունը սահմանափակող ազգակցական կամ խնամիական կապերի շարքին, սակայն Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին, որ եթե բացահայտվի, որ նման իրավիճակում եղել է տնտեսական շահ, ապա դա կհամարվի խախտում, ու դրանով արդեն պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։
Ի թիվս վերոնշյալ պայմանագրերի, Արթիկ համայնքը «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հետ 2023թ․ կնքել է մի պայմանագիր, համաձայն որի՝ ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է իրականացներ Արթիկի փողոցներում «Ճանշին» ՓԲԸ-ի՝ շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում