Երկրպագուներն ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ. UWW | Region

Երկրպագուներն ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ. UWW

Ապրիլ 21,2025 15:03

Սլովակիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։

Այս գոտեմարտն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է մրցաշարի լավագույն դրվագը:

«Եվրոպայի առաջնության Ամենամեծ պահը. Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս ԱՄՈՅԱՆԸ հաղթեց աշխարհի երեք մեդալակիրների՝ իր չորրորդ անընդմեջ Եվրոպայի տիտղոսը նվաճելու ճանապարհին:

Երկրպագուները ձայների 37% հարաբերակցությամբ ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ»,- ասվում է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ:

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ամոյանը 7:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից:

armsport.am

Նորություններ