Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության | Region

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ապրիլ 27,2025 13:41

Ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Քայլերթին մասնակցել են նաև Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ և միջոցառմանը Սենատի նախագահի ներկայացուցիչ Էրվե Մարսելը, ֆրանսիացի այլ խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների, Իլ-դը-Ֆրանս և Օ-դը-Ֆրանս ռեգիոնների, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդների, ֆրանսահայ և այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փարիզամերձ քաղաքների քաղաքապետեր և հարյուրավոր ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։

Միջոցառումը շարունակվել է Ֆրանսիայի տարբեր պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից Հաղթական կամարի ներքո ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողությամբ։ Այնուհետև՝ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել դեսպան Խաչատրյանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։

Նորություններ