«Օրս սկսվում է ժամը 6-ից․ հետո գաթայի, ռեժանի, թել պանրի, թոնրի հացի հերթն է»․ «Հովքի համ ու հոտ»-ը

Տավուշի մարզի Հովք գյուղը շրջապատող լեռների, անտառների ու ալպյան մարգագետինների աչք շոյող բնապատկերն ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում։ Վերջիններս իրենց հանգիստն ամբողջացնում են՝ համտեսելով հայկական ավանդական ուտեստները։
Թոնրի հաց, գաթա, մածուն, ռեժան, թել պանիր, անուշապուր․․․ այս շարքը կարելի է երկար թվարկել և պատվիրել «Հովքի համ ու հոտ» գաստրոբակի հիմնադիր Աննա Հարությունյանին, որը կապահովի ավանդական ուտեստների համերի հրավառությունը։
Սեփական տնտեսության անարատ կաթը, երկանքով աղացած ցորենը ավանդական մեթոդներով պատրաստված ուտեստների հիմք են դառնում, որոնց կողքից հնարավոր չէ անտարբեր անցնել։
Ընտանիքի անդամներն օգնում են Աննային, սակայն հիմնականում նա է զբաղվում տնտեսությամբ։ Առավոտյան ժամը 6-ին արդեն կովերին է կթում, հետո անցնում մյուս գործերին, պատրաստում է թոնրի հացն ու անթել պանիրը, պատվիրված գաթան, ռեժանն ու մյուս ուտեստները, հասցնում է նաև սեմինարների մասնակցել, ազգագրական պարեր սովորել՝ միաժամանակ դաստիարակելով 4 երեխաներին, որոնցից 3-ը դպրոցական են, մեկը՝ ուսանող։
Աշխատանքը ծանր է, բայց արդյունավետ, ու հենց դա է Աննայի ընտանեկան ջերմության ու գործնական հաջողության բանաձևը։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։