«Արջը մտել էր Խաչիկենց օղի թորելու թութը կերել, պադվալի դռանը քնել։ Հարությունի ճագարներն էլ են կերել»․Վայոց ձորում արջերը շատացել են, կեր են փնտրում գյուղերում

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին արջերը բնակելի տարածքների մշտական, բայց անցանկալի «հյուրերն են»։ Արջերն անտառներից ու սարերից իջնում են բնակավայրեր, ուտում գյուղացիների բերքը, ընտանի կենդանիներին, մեղվի փեթակներն ավիրում, մեղրն ուտում, երբեմն՝ գյուղացիների ուլիկներին։
Այս տարածաշրջանի հպարտությունն է, որ բեզոարյան այծերն էլ շատ են բազմացել, ցավոք, բնության այս հրաշքներն էլ են արջերի զոհը դառնում։
Բնակիչները հասկանում են, որ արջերը հենց սովածանում են, իջնում են գյուղեր, բայց հաշտ չեն նրանց այցելությունների հետ, իրենց չարչարանքն ու եկամտի աղբյուրն են ոչնչացնում։
«Գալիս են մրգատու ծառերը պոկրտում, կոտրում, բերքն ուտում։ Հեսա կեռասը կհասնի, արջերը վրա կտան, համատարած ծառերի ջարդ է լինելու»,-REGIONSTV-ին պատմում են Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի բնակիչները։
Արջերի պատճառով հանքարդյունաբերության դեմ պայքարի վաղեմի ընկերները քիչ էր մնում, թե վիճեին․մա՞րդն է կարևոր, թե՞ արջը։
Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյանն ասում է․«Մի մոտեցում պիտի լինի, որ արջերը բնակավայրեր չմտնեն, մարդիկ վախենում են, մութն ընկնելուց հետո տանից դուրս չեն գալիս, կարող է գիշերը դուրս գան գյուղամեջ, արջի հանդիպեն։ Հենա, ճագարներն են կերել։ ճագարները ջհանդամը․․․»։
«Ո՞նց թե՝ ջհանդամը, այսինքն, իմ 120 հատ ճագարը ոչնչացրել են, ջհանդա՞մը, բա պետությունն իմ վնասի հատուցումն արե՞լ ա, մեր հարևանի 150 հատ ճագարն էլ կերան»,-ընկերոջը՝ Հայկ Իսախանյանին հակադարձում է Հարություն Գևորգյանն, ու շարունակում․«Շատ-շատ են շատացել արջերը»։
Բա ի՞նչ անել․Գևորգյանը կտրուկ է այս հարցում՝ սպանել։ Ընկերը՝ Հայկը, համաձայն չէ, ասում է՝ արջերի կերի հարցը պիտի լուծվի․«Արփի գյուղում արջն իր ընտանիքով շատ մեծ վնաս էր տվել, էդ արջը մասնագիտացել էր կենդանիներ ուտելով։ Արջ կա՝ մասնագիկտացել է միրգ ուտելու մեջ։ Բա բնություն է, բայց դե հսկողություն էլ պիտի լինի»։
Չէ, որ չէ, Գևորգյանը պնդում է՝ էդքան շատ արջ պետք չի, այ ախպեր, շատ-շատ են, էդքան ինչի՞ են պետք, չորս կողմերից մտնում են գյուղ․«Էս տարածքում հիմա պիտի ա՞րջն ապրի, թե՞ մարդը»։
Այս տարածաշրջանում մարդիկ հարևան գյուղերի բնակիչների արջերի «հարձակումների» պատմություններին էլ են լավ ծանոթ, անուն-ազգանուններով, տնտեսություններով, ամեն մանրամասները գիտեն։
«էն անգամ Բաղդասարյան Խաչիկենց տանը․․․ էդ մարդը թութը հավաքել էր, որ չորացներ, օղի թորեր, առավոտյան վեր էր կացել, տեսել ամբողջությամբ մաքուր է, թութ չկա։ Հետո տեսել էին շունը քնած է պադվալի դռանը։ Կինը շանը ձեն էր տվել՝ ա շո՛ւն, ա շո՛ւն, մոտեցել են, տեսել արջն է քնած։ Ամուսնուն վերցրել, թողել, փախել էին»,-պատմում է Հայկ Իսախանյանը։
«Բա որ ասում եմ շատացել են, էդքան արջ պետք չի․․․»,-միջամտում է Հարություն Գևորգյանը, որը Վերնաշենի նախկին գյուղապետն է։ Ասում է՝ իր ժամանակ այստեղ էդքան արջ չկար։ Չկար, որովհետև որսո՞ւմ էիք, հարցնում են նախկին գյուղապետին։ «Չէ, չէ»,-հերքում է։
Հետո ընկերը նորից հակադարձում է՝ ոչինչ, թող շատանան, կբռնեն, կտանեն ուրիշ տեղ, բաց կթողնեն, մասնագետները լուծում կգտնեն, որ մենք կարողանանք արջերի հետ հաշտ ապրել։
Մարդկանց ինչպե՞ս հաշտեցնել արջերի հետ։ Բնապահպաններն ասում են՝ մարդիկ արջի միջավայր են մտել, երբ անտառները հատվում են, խաթարվում է կենդանու կենսապայմանը, հետևաբար նաև նրա սնունդի աղբյուրն է ոչնչանում։ Անգամ երբ գյուղացիները բարձրանում են սարերը, կանաչի հավաքում, մանդակը, որ հավաքում են, դա արջի կերակուրն է։
Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության կապերի մասնագետ Արփինե Թավաքալյանն ասում է՝ մարդ-կենդանի, մարդ-արջ կոնֆլիկտը միայն այստեղ չէ։ Միջազգային փորձը ցույցը է տալիս, որ արջերի դեմ պայքարելու, կամ համակեցության կանոններ սահմանելու լավագույն միջոցը էլեկտրական հովիվներն են։ Դրանք էլեկտրականությամբ ցանկապատեր են, շատ թույլ հոսանք է տալիս կենդանուն՝ հենց ուզում է մոտենալ օրինակ փեթակին կամ այգուն, թեթև էլեկտրահարվելուց հետո կենդանին հետ է քաշվում, բայց ո՛չ կենդանին է տուժում, ո՛չ մարդը։
«Մենք Վայոց ձորում, Արարատում, Սյունիքում որոշակի հատվածներում տեղադրել ենք էլեկտրական հովիվներ ընձառյուծի պահպանման ծրագրի շրջանակներում»,-ասում է Արփինե Թավաքալյանը։
Նշում է՝ Արենի համայնքի հետ համաձայնագիր ենք կնքել, որով պետք է ներդրվի փոխհատուցման մեխանիզմ․«պարզապես խնդիր կա ապացուցելու՝ դա արջի՞ հարվածն է, թե՝ ոչ։ Լինում են դեպքեր, երբ ստանում ենք ահազանգեր, ուսումնասիրությունից հետո պարզվում է, որ դա արջի հարվածը չի։ Մարդիկ ուղղակի ինչ-որ բանից տուժել են, ուզում են փոխհատուցում ստանալ»։ Ինդիկատորներ կան, որ սա արջն է արել։
Էլեկտրական հովիվները տրամադրվել են այն մարդկանց, որոնք ամենաշատն են առնչվում այս խնդրին։
«Բայց հո ամեն ծառի կողքին էլեկտրական հովիվ չենք դնելու։ Եթե արջերին պիտի տենց բուծեք, համապատասխան տեղում պահեք, կերակրեք, որ չիջնեն գյուղ»,-հակադարձում է Հարություն Գևորգյանը։
«Իրականում արջ չունենալն ավելի լուրջ խնդիր է, քան ունենալը։ Սա ցույց է տալիս, որ ձեր տարածքում բնության մեջ իրենց համար հարմար կենսապայմաններ են ստեղծվել, սա կարևոր հաջողություն է բնապահպանական առումով»,-ասում է Արփինե Թավաքալյանը։
«Անհաջողություն՝ բնակիչների համար»,-արջերի մասին բանավեճում չի հանձնվում Հարություն Գևորգյանն, ու շարունակում է․«Լավ, ինչքա՞ն արջ ունենա էս փոքրիկ գյուղը։ Խմբերով լցվում են գյուղը։ Դրա դեմը պիտի առնվի՞, թե՝ ոչ»։

Գեղամ Մարգարյան
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն իր մտորումներն է ներկայացնում մարդ-արջ հարաբերությունների մասին։ Ասում է՝ արջը գոյության կռիվ է տալիս այս տարածաշրջանում, մարդու եւ արջի միջեւ խնդիր է առաջացել․«Մարդը մեղր է արտադրում, արջն էլ է ուզում ուտել դրանից։ Եվ այդ միջտեսակային գոյության արանքում փաստացի առաջացել է այսպիսի իրավիճակ։ Մենք չենք կարող այդ կենդանուն ոչնչացնել, չի կարելի»։
Նշում է՝ 2018-ից վերլուծել են իրավիճակը, բնապահպանական կազմակերպությունների հետ ուսումնասիրել, կարճաժամկետ ծրագրով էլեկտրական հովիվներ են տեղադրվել։ Մարզպետարանի պաշտոնյանն ասում է․«Տեսախցիկ ենք տեղադրել, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է կատարվում արջի հետ, էս ի՞նչ արջ է, որ խելքը կորցրել է ու հավ է ուտում, արջը հավի հետ ի՞նչ կապ ունի, աղվեսի խելքի արջ էլ կա՞։ Պարզվեց, որ այդ արջը ժամանակին հավի թափոններ ու միս է կերել, ինքը սովոր է դրան, հիմա էլ գնացել մտել է հավերի թառը»։
Վստահեցնում է՝ արջերի հասցրած վնասի ծավալը կրճատվել է, եթե 2019-2020 թվականներին տարեկան մինչեւ 12 միլիոն դրամ էր կազմում, հիմա՝ 4 մլն դրամ։
«Գյուղացիների վնասներն անպայման փոխհատուցելու են»,-վստահեցնում է Մարգարյանը։
Շատինի բնակիչները զայրացած են, չգիտես՝ արջե՞րի , թե՞ կառավարության վրա։

Արջը Շատինում
«Մի գիշերում 12 արջ մտել էր գյուղ, սաղ ավիրել։ Պոպոկ, պնդուկ, թութ, խաղող, գիլաս, մալինա բան չէին թողել։ Պոպոկը ծառերից հավաքել էինք, փռել։ Առավոտը տեսանք բան չէր մնացել, սաղ կերել էին։ 70 տարեկան կինն էդքան չարչարվել էր, սև սալորը հավաքել էր, սաղ կերել էին։ Էն էլ հո հինգ, տասը կիլո չի, տոննայով ուտում են»,-պատմում է Շատինի բնակիչներից մեկը։
Եղեգիս խոշորացված (Շատինը համայնքի բնակավայրերից է) համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանն ասում է՝ 2022-2024 թվականներին արջերից հասցրած վնասի չափը 12 գյուղերով այս համայնքի գյուղացիների, կազմում է մոտ 29 միլիոն դրամ, անուն-առ-անուն, մանրամասները ներկայացրել են մարզպետարան։ Մարզպետարանը դեռ չի արձագանքել, մարդիկ փոխհատուցում չեն ստացել։ Վերևներից ասել են՝ համայնքապետարանն իր բյուջեից պիտի փոխհատուցի։ Համայնքապետարանի բյուջեն էլ սուղ է։
«Երևանում իրենց փափուկ աթոռներին նստած ճոճվում են, գյուղացու մասին չեն մտածում»,-ասում է Շատինի բնակիչներից մեկը։
Մինչ կառավարության անդամները, ոլորտի պատասխանատուները «ճոճվում են իրենց փափուկ աթոռներում», արջի ու մարդու տարածքները սահմանազատելու գործին չեն անցնում, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են փորձում «հաշտեցնել» արջին ու գյուղացուն։
Բացատրում են՝ արջի վրա զայրանալ ու արջին զայրացնել պետք չէ։
«Եթե արջը մտնում է գյուղ, ուրեմն կեր է փնտրում։Այսօր կեր չկա անտառում։ Ո՞րն է պատճառը՝ մարդիկ անխնա ոչնչացնում են կերային բազան, հավաքում ենք մասուրը, տանձը, մանդակը, որը արջի կերն է։ Պետք է այդ տարանջատումը լինի, որ արջը կեր ունենա։ Պետք է լինեն բուֆերային գոտիներ, պետք է լինի բնապահպանական տարածք՝ արգելոցային կարգավիճակով։ Կա նաև էկոկրթական ու մարդկանց գիտակցության բարձրացման խնդիր»,-ասում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի տուրիզմի պատասխանատու Լիլյա Թորոսյանը։
Նշում է՝ կենսաբազմազանության պահպանությունը դառնալու է արդյունք զբոսաշրջային արտադրանքի ձեւավորման համար, ինչն ապահովելու է զբոսաշրջային շատ մեծ հոսք․«Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ցույց տալ արջ, դա մեր հարստությունն է դառնում, տուրիստը գալիս է համայնք՝ արջ տեսնելու համար։ Խնդիրները պետք է լուծվեն ճիշտ կառավարմամբ»։
Արջերին գյուղացիները գրեթե ամեն օր են տեսնում, որոշներին անուն են դրել՝ Սևոն, Չալոն, Մալոն։
Նելլի Բաբայան