«Հողը մշակում ենք, օգուտ չկա, անասունը պահում ենք, օգուտ չկա»․ Նախիջևանին սահմանակից Շաղատի բնակիչները կառավարությանը խնդրում են գյուղն աչքաթող չանեն | Region

«Հողը մշակում ենք, օգուտ չկա, անասունը պահում ենք, օգուտ չկա»․ Նախիջևանին սահմանակից Շաղատի բնակիչները կառավարությանը խնդրում են գյուղն աչքաթող չանեն

Մայիս 10,2025 18:30

«Մեր գյուղը շատ լավն է, հլը տեսեք՝ ի՜նչ բնություն, բա սարերը, սարերը, կանաչը․․․»․ Շաղատ գյուղն են գովում բնակիչները։ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի գյուղերից է, հայ-ադրբեջանական սահմանին, Նախիջևանին է սահմանակից, ընդամենը 6-7 կիլոմետր է հեռու։

Ո՛չ հողը մշակելուց են օգուտ ստանում, ո՛չ էլ անասուն պահելուց

Գյուղում շրջելիս մարդիկ միայն գովաբանում էին, հպարտությամբ ասում՝ հինավուրց գյուղ է, պատմական հուշարձաններ կան։

Հունանն ու Քնարիկը 3 երխաների հետ ապրում են սահմանամերձ Շաղատ գյուղում

Հունանն ու Քնարիկը 3 երխաների հետ ապրում են սահմանամերձ Շաղատ գյուղում

«Մեր գյուղը, համեմատած մյուս գյուղերի հետ, ավելի լավ վիճակում է»,- REGIONSTV-ին ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ Հունանը։

Մի քիչ հարցուփորձից հետո պարզվում է բազմաթիվ խնդիրներ կան։ Բայց դե Հունանը չի ուզում դժգոհել, երիտասարդ տղամարդ է, ամոթ է դժգոհելը, գլուխը կախ աշխատում է, ընտանիքը պահում։

Կինը՝ Քնարիկը, մեկ տարեկան երեխային գրկած, մոտենում է ու միջամտում․«Երիտասարդ ընտանիք ենք, զարգացման հնարավորություն չունենք»։

Հետո հարևանն է ավելացնում․ «Հողը մշակում ենք, օգուտ չկա, անասունը պահում ենք, օգուտ չկա»։ Ասում է՝ առաջ կարտոֆիլը հիմնականում Արցախում էին իրացնում, լավ առևտուր էին անում Արցախի հետ, հիմա, դե պարզ է, Արցախը չկա, Սյունիքի մարզը տուժում է։

Հունանի հարևանն ասում է՝ մեզ մոտ ամեն ինչ աճում է, բայց շուկա չկա, բերքը չենք կարողանում վաճառել։ Մի ժամանակ Շաղատում անասնապահությունը լավ եկամտաբեր էր, վերջին տարիներին անասունների գլխաքանակը նվազել է, գյուղացիք ասում են՝ ձեռնտու չէ։ Մի կողմից՝ սպանդանոցի խնդիրն է, մյուս կողմից էլ արոտավայրերի տարածքներն են կրճատվել պատերազմից հետո։

«Սպանդանոցը Սիսիանում է, մի հատ էլ Կապանում կա, մի երկու անասունի համար ձեռնտու չէ տանել էնտեղ մորթ անել»,-ասում են գյուղացիք։

Շաղատ գյուղ

Շաղատ գյուղ

Շաղատում խաղաղ է, ադրբեջանցիները չեն կրակում։ Քնարիկը կարծում է՝ չեն կրակում, որովհետև Նախիջևանի հետ սահմանը զատված է շատ վաղուց։

Բնակիչներն ասում են՝ միայն չկրակելը բավարար չէ, չգիտես՝ խաղաղություն է, թե՞ պատերազմ, անվտանգության խնդիրն ամբողջ երկրում լուծված չէ․ «Ի՞նչ իմանաս, թուրքերը մի օր ինչ կանեն»։

Նույնիսկ այս պայմաններում երիտասարդ ընտանիքը գյուղը լքելու միտք չունի, չնայած, ինչպես Քնարիկն է նշում, երիտասարդներն ավելի լավ կյանքի ձգտելով՝ հեռանում են գյուղից։

«Մի Հայաստան, մի մատոռիստ Հունան»

Շաղատցի Հունանը երեխաների հետ

Շաղատցի Հունանը երեխաների հետ

Հունանը ԵՄ դրամաշնորհի միջոցով ավտովերանորոգման իր կետն է հիմնել, գործիքներ են տրամադրել, աշխատում է։ Պատվեր շատ կա, էլի չի դժգոհում, «Միթսուբիշի» մակնիշի  մեքենաների շարժիչի վերանորոգման մեջ է մասնագիտացել։ Կինն ասում է՝ Հայաստանի տարբեր ծայրերից մեքենաները բերում են Հունանի մոտ, այ էդպիսի լավ մասնագետ է։ «Մի Հայաստան, մի մատոռիստ Հունան»,-կատակում է կինը։

Թեև Հունանի գործերը լավ են, բայց չի հասցնում գումար հետ գցել, տուն չունեն, այն տանը, որտեղ բնակվում են երեք երեխաների հետ, իրենցը չէ․«Չեմ կարում նույնիսկ էս ավտովերանորոգման կետում դարպասներ դնել, էսպես բաց-բաց աշխատում եմ, հիմա դեռ ոչինչ, բայց ձմեռը շատ դժվար է։ Կուզեինք մեր տունը կառուցել, բայց մենք էդ հնարավորությունը չունենք, արտոնություն էլ չկա»։

Վեց տարի առաջ վրաերթի պատճառով Հունանը կորցրել է ոտքը։ Այդ դեպքից հետո է սկսել ավոտմեքենաներ վերանորոգել, մինչ այդ շինարարությունում էր աշխատում, տներ էր վերանորոգում։ Հաշմանդամության թոշակը 36 հազար դրամ է, իր խոսքով՝ 1-ին խումբ էր, դարձրին 3-րդ․ «Հենց գիտեն ավտոյի գործ եմ անում, առողջ եմ»։

Քնարիկն ասում է՝ գյողում հող մշակելուց, անասուն պահելուց բացի այլ աշխատանք չկա․«Էստեղ ինչ պիտի աշխատես, կամ դպրոց կամ մանկապարտեզ, ձեռնտու չէ, Սիսիան պիտի գնամ հասնեմ, դա էլ ահագին տրանսպոտի ծախս է»։

Փոքրիկ Նունեի երազանքը՝ դառնալ գիտունիկ, հասնել Ամերիկա, Կարոյին տեսնել, աշխատել, հետ գալ Շաղատ

Մեծերի խոսակցությանն ուշադիր հետևում էին Հունանի ու Քնարիկի երեխաները՝ Աշոտն ու Նունեն»

Մայրը երեխաներին է հարցնում՝ լա՞վ է մեր գյուղում։ «Գյուղը տարբերվում է քաղաքից, ավելի լավ է գյուղում մնամ»,-պատասխանում է 8-ամյա Աշոտը։

Շաղատ գյուղ

Շաղատ գյուղ

Հայրն ասում է՝ Աշոտն օրերս Երևան էր գնացել, չի հավանել, էլ չի ուզում Երևան  գնալ։ Որքան էլ մայրը պնդում է, որ գյուղում երեխաների համար զբաղմունքի տեղ չկա, խմբակներ չկան, որպեսզի ինչ-որ հմտություններ սովորեն,  Աշոտը հակառակն է պնդում․«Մեկ ա, գյուղում հավես ա։ Ֆուտբոլ ենք խաղում, դաշտ ունենք»։

Իսկ ահա 7-ամյա Նունեն լավ էլ հավանել է Երևանը։

Սյունիք մարզ, Շաղատ գյուղ

Սյունիք մարզ, Շաղատ գյուղ

Մայրը հավելում է՝ Նունեն ուզում է ԱՄՆ կամ Չինաստան գնալ։ «Ամերիկա»,- ճշգրտում է մտցնում Նունեն։

Ինչո՞ւ Ամերիկա։ Որովհետև Կարոյին է ուզում տեսնել։
Կարոն ո՞վ է։ Իմ հարցից վրդովվում է․ ո՞նց, Կարոյին չգիտե՞ք։

Կարոն ԱՄՆ-ում բնակվող բլոգեր ու երգիչ է։  Նունեն ուզում է ԱՄՆ գնալ, համ Կարոյին կտեսնի, համ էլ՝ ինչպես ինքն է ասում ՝ ուսում կստանա, փող կաշխատի, հետ կգա Շաղատ․ «Ուզում եմ գիտունիկ դառնամ»։

Մեկ էլ Նունեն  եղբոր հետ սկսում են Կարոյի երգերից մեկը երգել։

Շաղատը լավն է, բայց կյանքն այստեղ դժվար է

Շաղատի բնակիչները շատ բան չեն ուզում՝ պետությունը մի քիչ ուշադրություն դարձնի գյուղին, զարգացնի, որ երեխաները մեծանան ու մնան գյուղում։

Շաղատի բնակիչներ Սիրանուշն ու աղջիկը՝ Անահիտը

Շաղատի բնակիչներ Սիրանուշն ու աղջիկը՝ Անահիտը

Նույն բանն են ասում Շաղատի մյուս բնակիչները՝ մայր ու դուստր Սիրանուշն ու Անահիտը․«Մեր գյուղը լավն է, բայց կյանքն այստեղ դժվար է։ Աստծո կամքով ապրում ենք։ Մի բան անեն, որ ջահելները մնան գյուղում»։

Կովին նոր էին կթել, կես դույլ կաթով գոմից տուն էին գնում։ Սեզոնին կանաչի հավաքելու պատվեր ունեն, իրենց տանում են սարերը խնջլոս, մանդակ շուշան, ավելուկ, մասուր, սունկ հավաքում։ Մի քանի անասուն էլ են պահում, հող մշակում․«Դրանով ենք ապրում։ Մենք մեր կյանքը դասավորում ենք, ուրախ, լավ, ոչ մեկին նեղություն չենք տալիս, մեզ էլ՝չեն տալիս, ջանիդ մեռնեմ։ Չարչարվում ենք, բայց որ գալիս ենք տուն, թոռնիկներին տեսնում, արդեն երջանիկ ենք»։

69-ամյա Սիրանուշը

69-ամյա Սիրանուշը

69-ամյա Սիրանուշը ցույց է տալիս վնասած ձեռքերը, կանաչի հավաքելը հեշտ գործ չէ, ձեռքերն այտուցված են, վերքերով պատված։ Ապա իր մեծ ձեռքբերումներն է ներկայացնում, կարծես շատ բան պետք չէ երջանկության համար․«Մի թաք աղջիկ ունեմ, երեք թոռ ունեմ, ամուսնացրել եմ, վեց ծոռ ունեմ։ Մի թոռս էլ մի քանի ամիս է՝ ամուսանցրել ենք։ Երկու կով ունենք, խոզեր։ Հորթերը հենց ծնվում են,  վաճառում ենք, չենք  կարող շատ անասուն պահել։ Դժվար է, շատի համար շատ փող է պետք, համ էլ տանջանք է։ Այ սենց ապրում ենք»։

Նախիջևանի հետ 40 կիլոմետր սահման ունեցող շաղատցիներն արտոնություններ են ուզում

Շաղատում 268 տնտեսություն կա, 998 բնակիչ։ Անասնապահությունը նվազել է, 70 տնտեսություն այլևս չի պահում անասուն։

Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյան

Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյան

Շաղատի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանն ասում է՝ վերջին չորս տարիներին մանր  եղջերավոր անասունների թիվը 3500-ից նվազել է մինչև 1400, խոշոր եղջերավորներն էլ 1500-ից նվազել են մինչև 980։  Ասում է՝ անասնապահությունը ձեռնտու չէ․«Նախկինում անասունները ներքևի (նկատի ունի Արցախի Քաշաթաղը) արոտավայրեր էին տանում, հիմա էդքան լավ արոտավայրեր չկան։

Ձմեռը երկար է տևում, խոտի ծախսը շատ է։ Էս տարի բախտներս բերել է, գարունը շուտ է եկել, բայց անձրևներն են շատ, հանկարծ անցած տարվա նման սնկային հիվանդությունը չկպնի բերքին։ Սպանդանոցի խնդիր էլ կա, Սիսիանում է։

Շաղատ․ոչխարներին արոտից տուն էին բերում

Շաղատ․ ոչխարներին արոտից տուն էին բերում

Բայց մարդիկ գերադասում են կենդանուն ողջ-ողջ վաճառել։ Լրացուցիչ աշխատանք  ու ծախս պիտի անենք մորթի համար, գերադասում ենք համարյա նույն գնով վաճառել, Արմավիրի մարզից գալիս, տանում են»։

Գյուղապետի վստահեցմամբ՝ թեև Նախիջևանի հետ 40 կիլոմետր սահման ունի, ու ընդամենը 7 կիլոմետր է հեռու սահմանից, սակայն գյուղը սահմանամերձ համայնքի կարգավիճակ ունի, մինչդեռ կարիք կա փոխել կարգավիճակը՝ սահմանապահ դարձնել, որպեսզի արտոնություններն էլ համապատասխան լինեն, հակառակ դեպքում գյուղից արտագաղթը շատ կլինի։ Ասում է՝ փորձեցինք արցախցիներին  բերել, հրաժարվեցին, որովհետև սահմանամերձ գյուղ է։

Չնայած հիմա, ինչպես Խաչատրյանն է ասում, գյուղից արտագաղթը մեծ թափով չէ, բայց եթե օրինակ լինեին սահամանապահի արտոնությունները՝ մատչելի վարկեր, 16 միլիոն դրամի ծրագիրը՝ տուն կառուցելու, լավ կլիներ, երիտասարդները կոգևորվեին էդ հնարավորություններով։

«Առաջ 5% վարկեր կային, հիմա ամենացածր տոկոսը 16-17 է։ Մարդիկ կարողանում էին փոքր վարկերով իրենց տնտեսությունը զարգացնել։ Հիմա նման հնարավորություն չկա», -ասում է գյուղապետը։

Այդուհանդերձ, գյուղում փորձում են ինչ-որ ծրագրերով, ոչ պետական, աշխուժություն մտցնել, աշխատատեղեր ստեղծել։ Շաղատը կտավատի ձեթի արտադրության հին ավանդույթով է հայտնի, Ձիթհանի թանգարանը զբոսաշրջիկներին գրավում է։

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

 

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

 

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

Շաղատի Ձիթհանի թանգարանի նմուշները

 

Գյուղապետն ասում է՝ հին ավանդույթները պահելով մի քիչ էլ նոր տեխնոլոգիա ներդնելով գյուղում կտավատի ձեթի արտադրություն են հիմնել․ «Նախկինում կտավատը բովում էին, նոր ստանում ձեթ։  Մերը սառը ճզման մեթոդն է, շատ առողջարար է։ Շշալցում էլ ենք անում, փոքր շշերով վաճառում»։

Երիտասարդներին գյուղում պահելու մի ծրագիր էլ ունի։

«Երիտասարդական գյուղ է, հիմա փորձում ենք քոլեջների հետ համագործակցել, որ աշկերտներ ունենանք, գյուղտեխնիկայի հետ կապված համ պրակտիկա անցնեն,  համ էլ աշխատեն, մնան մեզ մոտ»,-ասում է գյուղապետը։

Բայց դե արտագաղթը կանխելու ու գյուղը զարգացնելու համար,  ինչպես ասում է գյուղապետը, գործի մեծ մասը կառավարությունը պիտի անի, համայնքն այդքան մեծ հնարավորություններ չունի։

 

Նելլի Բաբայան

 

Նորություններ