«Դպրոց նոր ընդունված 7 կամ 8 տարեկան երեխան գիտելիքների առումով էապես կզիջի մյուս երեխաներին, որոնք 1 կամ 2 տարի արդեն ինչ-որ բաներ յուրացրել են»․փորձագետը ԿԳՄՍ որոշման մասին | Region

«Դպրոց նոր ընդունված 7 կամ 8 տարեկան երեխան գիտելիքների առումով էապես կզիջի մյուս երեխաներին, որոնք 1 կամ 2 տարի արդեն ինչ-որ բաներ յուրացրել են»․փորձագետը ԿԳՄՍ որոշման մասին

Մայիս 14,2025 21:05

Դեռ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ էին կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու» կարգում:

Հիշեցնենք, որ համաձայն դրա, եթե երեխայի յոթ կամ ութ տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն  նա չի հաճախել դպրոց, ապա վերջինս կընդունվի արդեն համապատասխանաբար երկրորդ կամ երրորդ դասարան՝ ընդհանուր հիմունքներով։

Հաջորդ ուսումնական տարվանից ուժի մեջ մտնող, հանրակրթական դպրոցներ ընդունվելու նոր կարգը ծնողների շրջանում բազմաթիվ քննարկումների և տարակարծությունների առիթ է դարձել։ Որոշ ծնողներ ողջունում են նոր կարգը, նշելով, որ այն նպաստում է երեխաների զարգացումը, մյուսները սակայն մտահոգություն են հայտնում, պատճառաբանելով, որ որոշ երեխաներ իրենց ունեցած գիտելիքներով կարող են հետ մնալ հասակակիցներից։

Ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, REGIONSTV- ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխությունը դրական է գնահատում․«Նոր համակարգը դրական ազդեցություններ կունենա։ Երեխաներ կան, ում ծնողները ֆինանսապես այնքան էլ ապահովված չեն։ Այս դեպքում մեկ տարի իրենք կսովորեցնեն երեխաներին, նաև կխուսափեն հնարավոր ծախսերից»։

Այս կարծիքը սակայն բոլորը չէ, որ կիսում են։ Մեկ ուրիշ ծնող էլ, ում երեխան հաջորդ տարի կդառնա վեց տարեկան, վեր հանեց որոշման  բացասական կողմերը․«Որոշ երեխաներ պատրաստ են դպրոց հաճախել արդեն հինգ տարեկանում։ Նրանք տարբերում են թվերը, տառերը, ունեն բավական գիտելիքներ։ Մյուս երեխան այդ մակարդակին կարող է հասնել միայն 7 կամ 8 տարեկանում։ Սա իմ կարծիքով արհեստական սահմանափակում է։ Բոլոր երեխաները նույնը չեն։ Ես կցանկանայի, որ այս որոշումը ավելի ճկուն լիներ, ոչ թե պարտադրված»։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնալով այս նոր կարգին, նշեց՝ նախագծի դրական կողմերից թերևս կարելի է առանձնացնել այն, որ մինչև այժմ 6 կամ 7 տարկան դպրոց չհաճախող երեխաները այսուհետ հնարավորություն կունենան դպրոց գնալու։

REGIONSTV-ի հետ զրույցում փորձագետն առանձնացրեց նախագծից բխող մի շարք խնդիրներ, որոնք  ազդելու են ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների և  ուսուցիչների  վրա:

‹‹Երեխան կարող է հոգեբանական խնդիրներ ունենալ: Երբ 7 կամ 8 տարեկանում 1 կամ 2 տարի ուշացումով երեխան գնա դպրոց՝ կունենա ինտեգրման խնդիրներ: Արդեն կա ձևավորված դասարան, որտեղ երեխաներից յուրաքանչյուրը իր դերակատարությունը ունի, արդեն ձևավորված են հարաբերությունները երեխաների և ուսուցիչների միջև: Այս դեպքում նոր ընդունված երեխային սպասվելու է  մեկուսացում և սթրես, ինչը ազդելու է նրա կրթության որակի վրա››,-բացատրեց պարոն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ հեշտ չի լինելու նաև ուսուցիչների համար, ովքեր ստիպված են լինելու լրացուցիչ ուշադրություն հատկացնլ նոր ընդունված երեխային: Բազմաթիվ ուսուցիչների կողմից նմանատիպ բողոքներ փորձագետն արդեն ստացել է.‹‹Նոր ընդունված երեխան գիտելիքների առումով էապես կզիջի մյուս երեխաներին, որոնք 1 կամ 2 տարի արդեն ինչ-որ բաներ յուրացրել են: Ուսուցիչները դրան պատրաստ չեն, և որևէ մեկը այդ մասին չի մտածել: Երեխայի հետ առանձին աշխատելը ուսուցչից պահանջում է լրացուցիչ ժամանակ, նա չգիտի երեխայի հնարավորությունները: Սա ևս բերելու է երեխայի մեկուսացմանը››:

Այս նախագիծը ծնողներին հնարավորություն է տալիս երեխային ուշ ուղարկել դպրոց: Մանավանդ հեռավոր գյուղերում, ֆինանսական դժվարություններով պայմանավորված, ինչպես պարոն Մխիթարյանն ասաց, հնարավոր է, որ շատ գյուղերում չեն լինի առաջին և երկրորդ դասարաններ:

‹‹Եթե հնարավորություն լինի 8 տարկանում երեխային միանգամից երրորդ դասարան ուղարկել, շատերը դրան կհամաձայնեն: Չպետք է մոռանալ, որ ՀՀ բնակչության մեկ քառորդը աղքատ է: Սա ծնողների համար լրացուցիչ հնարավորություն է երեխաներին անգրագիտության մեջ պահելու, միաժամանակ խուսափելու համար սոցիալական հոգսերից  ու ծախսերից, որոնք պետք է անեն երկու տարի շարունակ››,-նկատեց փորձագետը։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս հայտարարել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Ատոմ Մխիթարյանն ասաց, որ դրանք ‹‹ուղղակի›› խոսքեր են, ու նման որոշում կայացնելու համար պետք է սահմանվեին հստակ չափանիշներ, ինչը չի արվել.‹‹Ո՞վ է որոշելու, ով գնա դպրոց 7 տարեկանից, ով 8 տարկանից: Սա սուբյեկիվ մոտեցում է, որը քաոսային իրավիճակ է ստեղծելու: Այս ամբողջ խառնիճաղանջ իրադրությունը, որը ստեղծվելու է մեր առանց այն էլ ոչ բարվոք հանրակրթության մեջ, էապես նվազեցնելու է կրթության մակարդակը: Այս իրավիճակը ավելի է նպաստելու, որ կրթության մակարդակը իջնի, և անգրագիտությունը համատարած դառնա ամբողջ երկրում››։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ