Ընդունումից 20 օր անց Գյումրիի բյուջեն փոփոխվեց
Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարվեց այսօր՝ ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում: Նա այսուհետ հանդես կգա որպես ավագանու անկախ անդամ: Գյումրիի ընթացիկ տարվա բյուջեն, հաստատումից 20 օր անց, արդեն ենթարկվում է փոփոխությունների: Փոփոխված տարբերակի շուրջ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի և ավագանու ՔՊ-ական անդամների միջև ակտիվ քննարկում, այնուհետ լեզվակռիվ ծավալվեց:
Գյումրիի 2024 թվականի բյուջեն, փոփոխություններից ու լրացումներից հետո, կազմում է 6 մլրդ 335 մլն 813 հազար դրամ, ծախսերն ավելացել են մոտ 770 մլն դրամով, պատճառը նախկին պարտքերն են: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ պարտքերի չափը բյուջեն հաստատելիս հաշվի չէր առնվել: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի՝ մինչ բյուջեի հաստատումը այս մասին իրենք իրազեկված չեն եղել, ապառքների չափերը նոր են ստացել Շիրակի մարզպետարանից:
ՔՊ-ականները քաղաքապետարանին մեղադրեցին «փնթի փաստաթուղթ» ներկայացնելու մեջ: Քաղաքապետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Արթուր Պապիկյանը, ով իր պաշտոնավարման 2 տարիներին լուռ էր, այսօր անընդհատ միջամտում էր փաստաթղթի քննարկմանը: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ շարունակ հիշեցնում էր, որ ամեն հարցի շուրջ ավագանու անդամն իրավունք ունի խոսել միայն 1 անգամ: Արթուր Պապիկյանի խոսքը քաղաքապետն այնքան ընդհատեց, որ Պապիկյանը «իրեն կոռեկտ պահելու» խորհուրդ տվեց Սամսոնյանին:
Քաղաքի բյուջեի փոփոխված տարբերակն ընդունվեց: Ավագանին նաև կողմ քվեարկեց Գյումրիում սուրճի վաճառքի ավտոմատ սարքավորումների տեղադրման և օգտագործման թույլտվությունները մրցույթով տրամադրելուն: ՔՊ-ականների դիտարկմամբ՝ Գյումրիում սուրճի ապարատներն այնքան արագ են ավելանում, որ իրենք չեն հասկանում, թե ո՞րն է հարկ մուծում, որը՝ ոչ: Նաև առաջարկ եղավ, որ մրցութային լինի քաղաքի տարածքում գտնվող մյուս ավտոմատ խաղերի թույլտվությունների տրամադրումը ևս:
Ավագանին նաև կողմ քվեարկեց, որ Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասում գտնվող կիսակառույց շենքը, որը ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում է, նվիրաբերվի համայնքին: Գյումրիի համայնքապետարանը «Դեպի առաջ» հասարակական կազմակերպության հետ հուշագիր է կնքել, որով նախատեսվում է այդ շենքը հիմնանորոգել և 20 սոցիալական բնակարան կառուցել տնակաբնակ գյումրեցիների համար:
Ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն առաջարկեց, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի քաղաքում եղած կիսակառույցների և այլ գույքերի իրացմամբ: Դրանք շատ են, լուրջ աշխատանք չի տարվում իրացման ուղղությամբ:
Բնակիչներից շատ են բողոքներ ստացվում այն մասին, որ Գյումրիում փաստացի առկա շատ շինություններ կադաստրային քարտեզներում և արբանյակային լուսանկարներում չկան, իսկ խնդրին լուծում չի տրվում: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հիշեց, որ ժամանակին կադաստրային քարտեզները բավականին սխալներով են կազմվել, նախկինում ուղղումներ անում էին, հիմա չեն անում:
Ու դարձյալ քաղաքի փոսերի մասին: Վարդգես Սամսոնյանն ասաց, որ մասնագետի են դիմել, որ ձնհալի հետևանքով բացված փոսերին ժամանակավոր լուծում գտնի, մինչև քաղաքապետարանը սկսի փոսալցման աշխատանքները:
Կարինե Կազարովա