«Համաչափ է»․Սարիկ Մինասյանը Աննա Հակոբյանի վիրավորական բառերով «համեմված» գրառումների մասին | Region

«Համաչափ է»․Սարիկ Մինասյանը Աննա Հակոբյանի վիրավորական բառերով «համեմված» գրառումների մասին

Մայիս 23,2025 17:20

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ որոշ քաղաքացիներին ուղղված վիրավորանքներով  գրառումները  համարում է համաչափ։

«Երբ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ, այո՛, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է սկսի նույն կերպ պատասախան տալ»,-այս մասին Սարիկ Մինասյանն ասել է այսօր Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով․«Պետք է հասկանան, որ կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնեն, և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն։ Դա հայ տղամարդուն սազական չէ։ Ես որպես ՀՀ քաղաքացի, սիրում և հարգում եմ ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուրս  պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը վերջին շրջանում Ֆեյսբուքում պատասխանում է իր և իր ընտանիքի հասցեին հնչեցված վիրավորանքներին։ Նրա մի շարք գրառում-պատասխանները նույնպես վիրավորական բառերով են «համեմվում»։

Աննա Հակոբյանը, հիշեցնենք, իրեն վիրավորողներին ու իր մասին, իր ներկայացմամբ՝ կեղծ տեղեկություններ տարածողներին  պատասխանում է «տխմար, էջ, գեղցի, ոջիլ»  արտահայտություններով։

 

 

Նորություններ