Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ պարզաբանումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին:
«2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին-Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։
Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։
Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։
Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։
ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել է մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։
Ծրագրի իրականացումը շարունակվում է։
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ.):