Մխիթարյանը պատրաստ է. այս եզրափակիչը նրանն է՝ իտալական հեղինակավոր պարբերականի անդրադարձը | Region

Մխիթարյանը պատրաստ է. այս եզրափակիչը նրանն է՝ իտալական հեղինակավոր պարբերականի անդրադարձը

Մայիս 27,2025 14:59

Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է

Նույնիսկ 36 տարեկանում դեռ կարող է գալ մի պահ, որն ամեն ինչ շրջում է։ Մխիթարյանի համար սա պարզապես խաղ չէ. սա այն եզակի գնացքն է, որից նա արդեն մի անգամ հետ էր մնացել, իսկ հիմա եկել է նստելու ժամանակը։

2023-ի մայիսը «մարսելը» հեշտ չէր։ Մկանային վնասվածքի պատճառով նա գրեթե բաց թողեց Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ խաղադաշտ մտնելով ընդամենը վերջին 6 րոպեին։ Այդ անհատական հիասթափությունն էլ ավելի ցավալի դարձավ՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած նվազագույն հաշվով պարտության ֆոնին (0:1)։

Բայց այս անգամ ամեն ինչ այլ է։ Հենոն պատրաստ է։ Եվ ցանկանում է լինել այս պատմական գիշերվա առանցքում՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը բարձրացնելով «Ինտերի» կազմում։

Սիմոնե Ինձագիի «Ինտերում» Մխիթարյանը ոչ միայն կարևոր խաղացող է, այլև վստահության հենասյուն։ Վերջին տուրում՝ «Կոմոյի» դեմ, նա մնաց պահեստայինների նստարանին՝ միակ հիմնական կիսապաշտպանը, որը խաղադաշտ չմտավ՝ խնայելով ուժերը ՊՍԺ-ի դեմ առաջիկա եզրափակչի համար։ Մրցաշրջանի սկզբում ստացած մկանային խնդիրներն արդեն մնացել են անցյալում։

Ի դեպ, այս մրցաշրջանում Հենրիխը ցույց է տալիս բացառիկ կայունություն։ Նա թիմում չորրորդ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է (3,482 րոպե): Ավելի շատ խաղադաշտում եղել են միայն Բաստոնին (3,836 րոպե), Բարելան (3,717) և Լաուտարոն (3,643)։ Եվ այս ամենը՝ 36 տարեկանում։

Մխիթարյանի եզրափակիչների պատմությունը խորդուբորդ է։ Բացի Ստամբուլից, 2019-ին նա ստիպված էր բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, երբ «Արսենալը» մրցում էր «Չելսիի» հետ Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պատճառով։ Բայց նա ունի նաև հաղթական պահեր՝ Եվրոպա լիգայի հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2017-ին և Կոնֆերենցիայի լիգայի գավաթը՝ «Ռոմայի» հետ 2022-ին։

Ինչ վերաբերում է ապագային, ապա Մխիթարյանը կկենտրոնանա դրա վրա միայն եզրափակչից հետո։ Թեև պայմանագիր ունի մինչև 2026 թվականը, վերջին հարցազրույցներում նշել է, որ այս մրցաշրջանը ամենադժվարներից մեկն է եղել իր կարիերայում՝ ֆիզիկական տեսանկյունից։ Չի բացառվում, որ հաջորդ տարի մնա թիմում՝ ավելի սահմանափակ խաղաժամանակով՝ դառնալով փորձառու ուղեցույց երիտասարդ խաղացողների համար։

Բայց այս ամենը՝ եզրափակիչից հետո։ Այժմ կարևոր է մեկ բան՝ Հենրիխ Մխիթարյանը կրկին ունի պատմություն կերտելու հնարավորություն։ Այս անգամ՝ ոչ թե եզրագծից հետևելով, այլ լինելով հենց այս ամենի կենտրոնում կանգնած։

armsport.am

Նորություններ