ԶՊՄԿ-ն գործադուլի մասնակցած նախկին 8 աշխատակցից մոտ 5 միլիարդ դրամ է պահանջում․«Փորձում են վախեցնել մյուսներին, որպեսզի գործադուլ չանեն» | Region

ԶՊՄԿ-ն գործադուլի մասնակցած նախկին 8 աշխատակցից մոտ 5 միլիարդ դրամ է պահանջում․«Փորձում են վախեցնել մյուսներին, որպեսզի գործադուլ չանեն»

Մայիս 27,2025 21:40

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը նախկին աշխատակիցների դեմ դատական հայց ներկայացնելով փորձում է վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի նրանք հետագայում չհամարձակվեն գործադուլ անել։ RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԶՊՄԿ-ի նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը, որը ամիսներ առաջ կոմբինատում իրականացծար գործադուլի նախաձեռնող խմբի անդամներից է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 31-ին մեկնարկած ու տասնմեկ օր տևած գործադուլին հազարավոր աշխատակիցներ էին մասնակցում, նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացումը, աշխատանքային ու ապահովագրական պայմանների բարելավում։

Բողոքի այս ցույցը չներվեց կոմբինատի մի քանի աշխատակիցներին, հիմնականում գործադուլ նախաձեռնող խմբի անդամներին։ Ղեկավարությունը աշխատանքից ազատեց Շավարշ Մարգարյանին, Վահե Մխիթարյանին, Տիգրան Աթայանին, Կարեն Արշակյանին, Կարեն Անդրեասյանին, Գոռ Բաբաջանյանին, Վահե Բաբաջանյանին և Արթուր Բաբաջանյանին։

Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ ԶՊՄԿ-ն այս քաղաքացիներին աշխատանքից ազատելով միայն չբավարարվեց, որոշեց նրանց դատի տալ։ Կոմբինատը դիմել է դատարան 4 միլիարդ 758 միլիոն 480 հազար դրամի պահանջով ընդդեմ գործադուլի մասնակցած ու աշխատանքից ազատված ութ քաղաքացիների։

Դատարանի տված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում  հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների վրա։

Կոմբինատը հիմնավորում է, թե գործադուլի ընթացքում այդքան գումարի կորուստ է ունեցել։

Հիշեցնենք, որ կոմբինատի ղեկավարությունը, երբ համաձայնություն եղավ գործադուլը դադարեցնել,  խոստացել էր ցույցի մասնակիցներին չհետապնդել։

 Վահե Մխիթարյանը, որը  կոմբինատի ղեկավարության թիրախում հայտնված նախկին աշխատակիցներից է, մեզ հետ զրույցում ասաց, որ թեև ակնկալում էին, որ նմանատիպ պահանջ կլինի, սակայն չէին պատկերացնում, որ գումարի պահանջը մոտ 12 միլիոն դոլարի կհասնի։

«Մենք ուսումնասիրել ենք գործադուլները՝ ճշտելու ԶՊՄԿ-ի նախկին փորձն Ագարակ քաղաքում։ Այնտեղ ևս փորձել են աշխատակիցներին «արյան մեջ խեղդել»։ Սա ԶՊՄԿ-ի գործելաոճն է՝ նրանք գնում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ՝   չեզոքացնելու ճանապարհով»,-ասաց Վահե Մխիթարյանը։

Վահե Մխիթարյանի կարծիքով՝ կոմբինատի ղեկավարությունը  փորձում է վախեցնել, որպեսզի աշխատակցիները հետագայում բողոքի ցույցեր չանեն։

Մխիթարյանը հայտնեց նաև, որ նախատեսում են ԶՊՄԿ-ին հակընդեմ քայլեր։ Թե ի՞նչ քայլեր, առայժմ չմանրամասնեց։

Մեր հարցին՝ տեղյա՞կ է արդյոք կոմբինատում աշխատանքային պայմանները բարելավվել են, ինչպես որ խոստացել էր ղեկավարությունը, պատասխանեց․«Չեն բարելավվել, ու որքան հասկանում եմ, ցանկություն էլ չկա բարելավելու: Այստեղ խնդիրը լուրջ է: Մենք տեսնում ենք, որ տեսչական մարմինները ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրում խախտումները, գործատուն ևս չի ցանկանում բարելավել աշխատանքային պայմանները: Սա արդեն շղթայական լուրջ խնդիր է դառնում: Եթե մենք ֆիքսենք, որ աշխատանքային պայմանները մարդու առողջության և արժանապատվության հետ անհամատեղելի են, բնականաբար դրանից բխելու են հետևանքներ»:

Փաստաբան Հրայր Խաչատրյանն այս առնչությամբ մանրամասն ներկայացրել է իրավիճակը։ Փաստաբանը նկարագրելով իրավիճակը, պնդում է՝ «․․․նշված իրողությանը նախորդել են գործողություններ, որոնք վկայում են, որ վերընշված ութ անձանց՝ նախկին աշխատակիցների որևէ գործողություն չէին կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել»։

Հրայր Խաչատրյանի ներկայացմամբ․« ԶՊՄԿ-ն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, ովքեր հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել և արդյունքում ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել։ Այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար ստացվում է, որ ԶՊՄԿ-ի հազարավոր աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր աշխատողների շահերն ու իրավունքները իրենց խաղաղ գործողություններով և/կամ ընդհանրապես՝ ընդամենը լռությամբ ու չաշխատելով գործադուլին միացած Շավարշ Մարգարյանի, Վահե Մխիթարյանի, Տիգրան Աթայանի, Կարեն Արշակյանի, Կարեն Անդրեասյանի, Գոռ Բաբաջանյանի, Վահե Բաբաջանյանի, Արթուր Բաբաջանյանի նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլ նաև՝ առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում, առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան․․․»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ