ԶՊՄԿ-ի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը․ նրանց խոստացել են չհետապնդել բողոքի ցույցի մասնակիցներին | Region

ԶՊՄԿ-ի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը․ նրանց խոստացել են չհետապնդել բողոքի ցույցի մասնակիցներին

Փետրվար 10,2025 22:46

Բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանն ասաց, որ մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ այսօր հաջողվել է տնօրինության հետ ձեռք բերել պայմանավորվածություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»-ի աշխատակիցները դադարեցնում է գործադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր երեկոյան  հայտարարեց բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։

Նա հայտնեց, որ գործադուլը դադարեցնում են, քանի որ կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլինը վստահեցրել է, որ համապատասխան քայլեր և միջոցառումներ են ձեռնարկելու աշխատակցիների արձանագրած խնդիրներին պատշաճ և հետևողական լուծում տալու համար։

Հիշեցնենք, որ կոմբինատի տնօրինությունը խոստացել է 20%-ով բարձրացնել աշխատավարձերը։ Այսօր առավոտյան աշխատակիցները բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էին, որ չեն դադարեցնելու գործադուլն ու իրենց համար անընդունելի է 20% բարձրացումը։

Կոմբինատի աշխատալիցները 11 օր գործադուլ էին անում, նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Կոմբինատի տնօրինությունն ավելի վաղ հայտարարել էր, աշխատանքից ազատման հրաման է տրվել 8 աշխատակցի։ Բացի այս, բողոքի ցույցի մասնակիցներից շատերին հրավիրել էին քննչական կոմիտե։

Վահե Մխիթարյանն ասաց, որ մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ այսօր հաջողվել է տնօրինության հետ ձեռք բերել պայմանավորվածություն։ Բացի այս, ինչպես ասաց նա,խոստում է եղել, որ բողոքի ցույցի մասնակիցներին չեն հետապնդի, 8 աշխատակիցների՝ աշխատանքից ազատման հրամանն էլ կվերանայվի։

Վաղվանից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»-ի աշխատանքները վերսկսվում են։

 

 

Նորություններ