Կախարդական երեկոյի սպասումով. Մխիթարյանի վերջին մարտը եվրոպական հավաքածուի համար | Region

Կախարդական երեկոյի սպասումով. Մխիթարյանի վերջին մարտը եվրոպական հավաքածուի համար

Մայիս 31,2025 14:13

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կկայանա 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ կհանդիպեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» (ՊՍԺ) և իտալական «Ինտեր Միլանը»։

ՊՍԺ-ն, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ, այս մրցաշրջանում հաղթահարել է մի շարք ուժեղ մրցակիցների՝ այդ թվում՝ «Լիվերպուլին», «Ասթոն Վիլային» և «Արսենալին»՝ հասնելով իրենց պատմության մեջ երկրորդ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։

Ինտերը, գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ, եզրափակչի ճանապարհին հաղթել է «Բավարիային» և կիսաեզրափակչում դրամատիկ պայքարում առավելության է հասել «Բարսելոնայի» նկատմամբ՝ ընդհանուր 7-6 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում կարևոր դեր է խաղացել իր թիմի հաջողության մեջ։ 

Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 13 հանդիպման՝ խփելով 2 գոլ։ Նա առանձնացել է նաև պաշտպանական գործողություններով՝ 79 անգամ վերադարձնելով գնդակը իր թիմին, ինչը նրան տեղ է ապահովել լավագույն եռյակում այս ցուցանիշով։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը դարձել էր առաջին հայ ֆուտբոլիստը, որը մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։

Եթե այսօրվա եզրափակչում «Ինտերը» հաղթանակ տանի, ապա Հենրիխ Մխիթարյանը կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է եվրոպական ակումբային բոլոր երեք խոշոր տիտղոսները:

Մինչ այս Մխիթարյանը հաղթել էր Եվրոպա Լիգայում (2016/17 մրցաշրջան, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում) և Կոնֆերենցիաների Լիգայում (2021/22 մրցաշրջան, «Ռոմայի» կազմում):

armsport.am

Նորություններ