Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ

Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP (strategic lawsuit against public participation – SLAPP / ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցությանՌՀԸՀՄ) գործընթացների շարունակական զարգացմամբ, որը գնալով ձեռք է բերում ավելի վտանգավոր դրսևորումներ՝ ՀՀ-ում վտանգելով ժողովրդավարությունը և մարդկանց սահմանադրական իրավունքները։
2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ /ԶՊՄԿ/ աշխատակիցների կողմից իրականացված սոցիալական բնույթի գործադուլը ուղեկցվել է մասնակիցներից 8-ի աշխատանքից հեռացմամբ։
Կոմբինատի և գործադուլավորների միջև որոշակի բանակցություններից հետո գործադուլը դադարեցվեց, սակայն աշխատանքից հեռացված աշխատակիցները ոչ միայն չվերականգնվեցին աշխատանքում, այլև 2025 թվականի մայիսին ԶՊՄԿ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված 8 քաղաքացիների՝ նրանցից պահանջելով 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով իբր ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցում։
Դատարանի կողմից բավարարվել է ԶՊՄԿ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և 2025 թվականի մայիսի 20-ին արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ այդ 8 շարքային քաղաքացիներից այդչափ գումար պահանջելը (յուրանքանչյուրին բաժին է հասնում մոտ 594.810.000 ՀՀ դրամ) մենք համարում ենք այդ քաղաքացիների կենսունակությունը ոչնչացնելու միտում։ Նման հայցադիմումներն ունակ են ունենալ բացասական հետևանքներ և զսպող և լռեցնող մեխանիզմ հանդիսանալ (chilling effect) հասարակության և մասնավորապես աշխատողների համար, որպեսզի չբարձրաձայնվեն իրավունքների խախտումների ու աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների մասին։
Գործադուլի իրավունքը կարևոր իրավունքներից է բոլոր քաղաքակիրթ և ժողովրդավար երկրներում։ Ավելին՝ այն կանգնած է սոցիալական արդարության և ժողովրդավարության ակունքներում։ Գործադուլները, որպես այդպիսին, ավելի հաճախ տեղի են ունենում այն պարագայում, որտեղ բավարար կայացած չէ երկխոսության մշակույթը գործատու-աշխատավոր տիրույթում, իսկ ինքնաբուխ գործադուլները՝ երբ արհմիությունները բավարար անկախ չեն։
Այս ամենը էլ ավելի մտահոգիչ է, երբ ՀՀ Կառավարությունը հանդիսանում է հայցը ներկայացրած ընկերության համասեփականատեր։
SLAPP-ը կիրառվում է հատկապես բռնապետական կառավարում ունեցող պետություններում և դատապարտվում է ժողովրդավարական պետությունների, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Եվրոպական միությունը և Եվրոպայի Խորհուրդն ունեն ընդունված դիրեկտիվներ և առաջարկություններ և հորդորում են գործընկեր և անդամ պետություններին մշակել SLAPP գործընթացներին դիմակայելու օրենսդրություն, ինչը Հայաստանի Հանրապետության պարագայում, ինչպես տեսնում ենք, հրամայական է և հրատապ (ԵՄ դիրեկտիվներ, ԵԽ ռեկոմենդացիաներ)։
Հայաստանի Հանրապետությունում SLAPP գործընթացների շարունակական զարգացումը չի տեղավորվում Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայված գործընկերության մասին համաձայնագրի տրամաբանության մեջ և խոչընդոտ է ՀՀի՝ Եվրոմիության հետ արդեն օրենքի մակարդակով ամրագրված մերձեցման և ինտեգրման ձգտումներին։
Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտարարում ենք, որ ներկայացված իրավիճակը վտանգ է ներկայացնում ՀՀ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար, և պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ որպես ԶՊՄԿ համասեփականատեր՝
– Ապահովել, որ կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված
հայցադիմումը հետ վերցվի։
– Լիարժեք լուծում տալ ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների կողմից
բարձրաձայնված հարցերին և այդ մասին ներկայացնել հանրային
հաշվետվություն:
– Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց նախկին
հաստիքներում։
– Աշխատանքներ ձեռնարկել ՀՀ-ում SLAPP գործընթացներից
քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրության մշակման և ներդրման
համար։
1. «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
2. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
3. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
4. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
5. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
6. «Կանաչ Հայաստան» ՀԿ
7. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
8. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
9. «Ժողովրդավարական հարթակ» Հիմնադրամ
10. «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
11. «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
12. «Առողջ միջավայր» ՀԿ
13. «Նոր հորիզոններ» ՀԿ
14. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
15. «Երիտասարդական քաղաքացիական կենտրոն» ՀԿ
16. «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
17. «Շողեր միություն» սոցիալ֊կրթական ՀԿ
18. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
19. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
20. «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
21. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
22. «Քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ
23. «Հաջողակ կին» ՀԿ
24. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
25. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
26. «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
27. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
28. Քիմիական անվտանգության կոալիցիա