Վարդան Օսկանյանի կինը 19 տարի տիրապետել է Դիլիջանի մանկապարտեզի շենքին, չի շահագործել, տարեկան 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից․դատախազությունը շենքը բռնագանձել է | Region

Վարդան Օսկանյանի կինը 19 տարի տիրապետել է Դիլիջանի մանկապարտեզի շենքին, չի շահագործել, տարեկան 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից․դատախազությունը շենքը բռնագանձել է

Հունիս 05,2025 12:17

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ նախկիններին ու մի քիչ էլ հունից դուրս եկավ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման վերջին երկու ամսվա ցուցանիշներն էր ներկայացնում, որոնք վերաբերում էին համայնքային գույքին, այդ թվում՝ Դիլիջանի մանկապարտեզին։

«Դիլիջանի մանկապարտեզի մասին․ կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, անուն չէի նշել, ասել էի՝ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված մանկապարտեզի պատմությունը։ Նիստից դուսրս եմ գալիս, տեսնեմ, էդ նախկին պաշտոնյան թուր ու թվանքն առած՝ ընկել է ինչ-որ գրառումներ է անում, մանկապարտեզի հետ չէր կապված, հո չէ՞ր ասելու՝ մանկապարտեզներս ձեռիցս առան»,-ասաց Փաշինյանը։

Ապա նշեց, որ այդ պաշտոնյան արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ էր կապված այս պատմությունը։
«Մեկը կարա՞ բացատրի, թե ինչ կապ ունեն Վարդան Օսկանյանն ու կինը, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն։ Վերջերս տարածում են՝ վարչապետը հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը․․․քանի որ ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղություններն ակտիվացել են, իրենք խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրենց նման ենք։ Իրենք արդեն չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են։ Հիմա ուրիշ խնդիր են դրել, գրում են՝ վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն դոլարով տուն է գնել։ Ֆրանսիայում մի երկու հատ դաշնակ-մաշնակ կա, տանում են երեք եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջն ինչ զառացանք ասես, դնում, դե արի ապացուցի․․․»,-զայրացած ասաց վարչապետը։

Նրա խոսքով․«Էս մարդիկ՝ քոչարյանա-սերժական ստահակ զանգվածը, չեն փորձում ապացուցել, որ իրենք թալանչի են։ Մենք կոռեկտություն պահելով՝ սխալվում ենք։ Դատարանի որոշմամբ արձանագրված է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործով, ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոսոտովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է ՀՀ երկրորդ նախագահը կաշառակեր է։ Թող գնան դատի տան։ Հիմա սրանից հետո, երբ ես ելույթ ունենամ, Ռոբորտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր։ Իրենք այլևս չեն կարող պաշտպանվել, որ թալանչի կաշառակեր են։ Իրենք ուզում են ցույց տալ, իբր թե մենք էլ ենք թալանչի, չեք հասնի այդ նպատակին»։
Նա ասաց, որ շարունակելու են ամբողջ թալանածը հատիկ-հատիկ վերադարձնել պետությանը, ու քանի որ արդեն սկսվել է ապօրինի ծագման գույքի վերադարձի ակտիվ գործընթացը, իր խոսքով՝ «անկանոն շարժումներ են սկսվել, անկանոն գոռգոռաոցներով են լցնում ՀՀ-ն»։
Աննա Վարդապետյանն էլ մանրամասնեց՝ Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի չի բարեկարգվել, այն պատկանել է «Առաջինը՝ երեխաներին» հասարակական հիմնադրամին, որը պատկանել է Վարդան Օսկանյանի կնոջը։

«Քրեական վարույթի շրջանակներում համայնքի հետ հաշտության արդյունքում 19 տարի ուղղակի դատարկ շենքը վերադարձվեց համայնքին։ Մանկապարտեզը ներառված է սղուբվենցիոն ծրագրում, առաջիկայում կներկայացվի կառավարությանը, որպեսզի այն հիմնանորոգվի։ Մեր հաշվարկներով՝ մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու հետևանքով»,-ասաց գլխավոր դատախազը։

 

Նորություններ