Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ | Region

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Հունիս 05,2025 15:15

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկվել են նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Արարատի մարզի Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1, ամրոց-բնակատեղի 2, ամրոց-բնակատեղի 3 (Ք․ա․ V հազ․ – միջնադար) պատմամշակութային օբյեկտները ստացել են հանրապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Դաշտաքար գյուղի Գյուղատեղին (միջնադար), Ուրցաձորի երկու գյուղատեղիները)՝ տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ներկայացվել են նաև Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Թղիթ ամրոցի (պետցուցիչ՝ 6.32.1) օգտագործաման հանձնելու հարցը և ամրոցի տարածքում բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի հիմնման ներդրումային ծրագիրը»,- ասված է հաղորդագրությունում։

Նորություններ