ԱԺ նախագահը չի բացառում, որ Սահմանադրության մեջ փոփոխություն արվի եկեղեցու վերաբերյալ | Region

ԱԺ նախագահը չի բացառում, որ Սահմանադրության մեջ փոփոխություն արվի եկեղեցու վերաբերյալ

Հունիս 05,2025 15:27

«Մնում եմ նախկինում ասած իմ կարծիքին՝ մենք չենք քննարկում նման բան կա, թե՝ ոչ, այլ քննարկում ենք՝ արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե՝ ոչ։ Երբ խոսքը գնում է հարգանքի, հավատքի մասին, ես կարծում եմ, որ պետք է քննարկել նման բան եղե՞լ է, թե ՝ ոչ, այլ ոչ թե պետք էր ասել, թե՝ ոչ, կամ ասելու ձևը ճիշտ էր, թե ոչ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրառնալով լրագրողների այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարմիր գծերը չի՞ հատում, երբ Կաթողիկոսի ու եկեղեցու մասին հայհոյանքով  գրառումներ է անում։

Ըստ նրա, Փաշինյանի խոսքում հայհոյանք չկա, ասաց որ ամեն մարդ հայտարարութուն անելու իր ձևն ունի, ապա կրկնեց Փաշինյանի ասած «դոմփել» բառը։

Սիմոնյանն ասաց, որ վարչապետը հրապարակային հարցում է արել, հասցեատերը չի պատասխանել։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նոր գրառում է արել․« Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։  Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Թե ինչու իշխանությունն այս մասին յոթ տարի առաջ չէր բարձրաձայնում, Սիմոնյանը պատասխանեց՝ որովհետև հակառակ կողմը գծեր է անցնում։

Թե ինչ գծեր է հատել, հարցին ի պատասխան ասաց․«Ես չեմ խոսում այն մասին, որ  եկեղեցին բացահայտ հայտարարել է, որ կուսակցության դեր է ստանձնել, չեմ խոսում Բագրատ սրբազանի մասին։ Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները նայեք»։

Նրա խոսքով՝ պետք է տարանջատել եկեղեցին ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեներին, եկեղեցական կանոնները խախտած մարդկանց․«Դրանք տարբեր բաներ են։ Այսօր շատ պարկեշտ հոգևորականներ կան»։

Ի՞նչ է հետևելու այդ գրառումներին, կարծիք կա, որ իշխանությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ անել, քանի որ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը «պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում եկեղեցու վերաբերյալ», հարցին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը՝ նման բան կա՞, թե՞  չկա․«Եթե չկա, ապա այդ պարագայում խոսակցությունը շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի նման բան կա, թե՝ ոչ։ Բա ես օրենք խախտեմ ու մնա՞մ։ Թող գնա ամուսնանա, երեխա ունենա, թոռներին մեծացնի»։

Նա նաև չբացառեց, որ Սահմանադրության մեջ նման փոփոխություն լինի․« ՀՀ-ն խղճի ազատություն դավանող երկիր է, կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը դրա մեջ նույնպես մասնակցություն պետք է ունենա, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»։

 

 

Նորություններ