«Թանկացել են կարտոֆիլը, կաթնամթերքը, միսը, հացը, նաև էներգակիրները». գնաճն ու երջանկության բյուջեն

«Երջանկության բյուջեն պետք է ապահովի իրական երջանկության նախադրյալները»,-RegionsTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե անցյալում է ճգնաժամի, հետճգնաժամային, հուսահատության բյուջեն, ՀՀ-ում պետք է լինի երջանկության բյուջե։
«Մարդիկ պետք է ունենան աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի կարողան երջանիկ ապրել, մինչդեռ հաշվարկներ կան, որ աշխատավարձի ընդհանուր ֆոնդի 80 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, և միայն 20 տոկոսն է բաշխվում Հայաստանի 10 մարզերին, սա շատ չնչին է և արդեն իսկ չի կարող երջանկության նախադրյալ լինել»,- նշեց Մակարյանը:
Հայաստանում աղքատության, գործազրկության բարձր ցուցանիշներն էլ, ըստ մասնագետի, երջանկության մասին չեն: Առողջապահությունից մինչև կրթություն, Մակարյանի խոսքով, թանկ են այնքան, որ գրեթե անհասնելի են շատ ընտանիքների համար:
Մեկ այլ խնդիր է գնաճը, որն էլի չի կարող նպաստել մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։
«Կարտոֆիլը մինչև 50 տոկոսով թանկացել է, լոլիկը մինչև 1000 դրամ է, նույնը՝ ծիրանը, թանկացել է նաև կաթնամթերքը, միսը, հացը, բարձրացել է նաև էներգակիրների արժեքը: Երջանիկ կյանքի համար մարդիկ պետք է կարողանան իրենց որոշակի շռայլություններ թույլ տան, այս գների պայմաններում դա հնարավոր չէ»,- հայտարարեց Մակարյանը: