Արփինե Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության նախագծում ներառվել քաղաքացիությունից զրկելու դրույթը
«Գործող Սահմանադրությունը չի տալիս քաղաքացիությունից զրկելու հնարավորություն, և եթե դա նախատեսվի միայն «Քաղաքացիության մասին» օրենքով, հակասահմանադրական կլինի։ Այդ պատճառով առաջարկվում է նման հնարավորություն նախատեսել նոր Սահմանադրության նախագծում՝ հետագայում օրենքով ընթացակարգը սահմանելու համար»,-այս մասին այսօր խորհրդարանում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու մասին դրույթին։
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությունը (Հոդված 47) ուղղակիորեն արգելում է ՀՀ քաղաքացուն զրկել քաղաքացիությունից։ Նոր նախագիծը վերացնում է այս բացարձակ արգելքը՝ սահմանելով (Հոդված 24), որ դատարանի որոշմամբ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար։
Նախարարը նշել է, որ այդ առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել քննարկումների ժամանակ և այն ներառված է վերջնական հրապարակված նախագծի տարբերակում։ Ըստ նրա, գաղափարը գլոբալ է և քննարկման դաշտ պետք է բացվի․«Տարբեր երկրներ ունեն քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ նման վտանգավորության հանցագործությունների դեպքում՝ հարց դնելով, թե արդյոք պետությունը պետք է շարունակի կապ պահպանել տվյալ անձի հետ։ Այստեղ տարբեր շերտեր կան՝ երկքաղաքացիների և միայն մեկ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանությունը, որոնք դեռ քննարկվելու են։ Միաժամանակ հաշվի են առնվում երկքաղաքացիների ու միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողների շերտերը և միջազգային պարտավորությունը՝ գլոբալ մակարդակում առանց քաղաքացիության անձանց չթողնելու»։
Սարգսյանի խոսքով՝ հակասահմանադրական կամ միջազգային պարտավորություններին չհամապատասխանող բան նախատեսվել չի կարող․«Հայաստանում այս պահին կան քաղաքացիություն չունեցող կամ փախստական համարվող անձինք, և դա չի նշանակում, որ նրանք չեն կարող ապրել երկրում կամ օգտվել ծառայություններից։ Նման անձանց՝ ինչպես նաև այլ երկրի քաղաքացիություն չունեցող կամ այլ երկրի քաղաքացիությունից զրկված անձանց, տրվում են միջազգային կոնվենցիոն փաստաթղթեր՝ բաց կապույտ երանգի անձնագրեր, ինչը միջազգային պարտավորություններով է հաստատված»։
Հարցին՝ հնարավո՞ր է քննարկումների արդյունքում քաղաքացիությունից զրկելու կարգավորումը դուրս բերվի, թե ամեն դեպքում ՆԳՆ-ն պնդելու է, որ մնա, ՆԳՆ նախարարը պատասխանել է, որ շատ կարևոր է լսել քաղաքացիների կարծիքները և մտահոգությունները, որոնք հնարավոր է բալանսավորել ՝ պահպանելով առաջարկը․«Դավադրապաշտական տեսություններ պետք չեն։ ՀՀ-ում կան քաղաքացիության շնորհման և դադարեցման ինստիտուտներ, բայց չկա զրկման ինստիտուտ, մինչդեռ միջազգային պրակտիկայում պետության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեպքում այն կիրառվում է, քանի որ պետության դեմ գործողը չի կարող պահպանել պետություն-քաղաքացի հարաբերությունների այն որակը, ինչ մյուս քաղաքացիները։ Քննարկվել է երկքաղաքացու տարբերակը՝ երբ զրկվում է միայն ՀՀ քաղաքացիությունից, իսկ մյուս՝ ոչ մի երկրի քաղաքացիություն չունենալու իրավիճակը դեռ քննարկման և հստակեցման կարիք ունի»։
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարը վստահեցրել է՝ հաջորդ տարվա կեսերին առաջին փուլը կավարտվի։
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացման գնահատման գործընթացն ունի երկու փուլ՝ առաջինը օրենսդրությունն ու քաղաքականություններն են, երկրորդը՝ իմպլեմենտացիան․« Ակնկալիք կա, որ հաջորդ տարվա կեսերին առաջին փուլը կավարտվի, ինչը կնշանակի շուրջ 50% կատարողական։ Առաջնահերթություններից է սահմանների համալիր կառավարումը, որտեղ տարբեր գերատեսչությունների հետ մեծ աշխատանք կա կատարելու։ Ինչ վերաբերում է ռուսական զորքերի դուրսբերմանը սահմաններից՝ դա ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. մինչ այժմ բոլոր սահմանային անցման կետերում գործընթացը տեղի է ունեցել, և կառավարության ծրագրով նախատեսված է փուլային սկզբունքով առաջ շարժվել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում»։
Տիրուն Մարգարյան
