«Իրանը պատրաստ կլինի դադարեցնել Իսրայելի վրա հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր հարվածները»․Արաքչի | Region

«Իրանը պատրաստ կլինի դադարեցնել Իսրայելի վրա հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր հարվածները»․Արաքչի

Հունիս 15,2025 14:44

Իրանա-իսրայելական հակամարտությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Իրանը շաբաթ երեկոյան և կիրակի գիշերը մի շարք զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Կան զոհեր և ավերածություններ, այդ թվում՝ բնակելի թաղամասերում։ Սա երկրորդ նման  հարվածն էր իրանական միջուկային և ռազմական օբյեկտների դեմ Իսրայելի գործողությունների սկսվելուց ի վեր։ Այս անգամ քաղաքացիական բնակչության շրջանում ավելի շատ զոհեր են եղել, քան հունիսի 14-ի գիշերվա առաջին հարվածի ժամանակ։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը երկրի վրա արձակել է առնվազն 70 բալիստիկ հրթիռ։ Մի քանի հրթիռներ արձակվել են նաև Եմենի հուսիiների կողմից։ Հարվածները հիմնականում ուղղված են եղել երկրի հյուսիսային շրջաններին, ինչպես նաև Թել Ավիվի տարածքին։ Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում ուղիղ հարվածներից ավերվել են մի քանի բազմահարկ բնակելի շենքեր։

Հաղորդվում է  տասը զոհի մասին, այդ թվում՝ երեխաների, առնվազն 270-ը՝ վիրավորվել  են իրանական երկու օրվա հարվածների ընթացքում։

Իսրայելական նավթային ընկերությունը  հայտարարել է, որ երեկ երեկոյան Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումը վնասել է Հայֆայի ծոցում գտնվող ռեժիմի նավթավերամշակման գործարանը:

Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է Հուսիների բարձրաստիճան ռազմական առաջնորդինշ։

Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է տարհանել  Իրանի միջուկային ռեակտորների մոտակայքում բնակիչներին։

Իրանը հայտարարել է, որ Ալբորզում ձերբակալել է երկու անձի, որոնց մեղադրում է Իսրայելի հետախուզական գործակալության անդամ լինելու մեջ։

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին առաջին անգամ դիմել է օտարերկրյա դիվանագետներին ուրբաթ երեկոյան Իսրայելի հարվածներից ի վեր։

Նա հայտարարել  է, որ Իրանը պատրաստ կլինի դադարեցնել Իսրայելի վրա հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր հարվածները։

«Մեր կարծիքով, Իսրայելի ռեժիմի ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ երբեք չէր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Մենք ունենք ամուր ապացույցներ տարածաշրջանում ամերիկյան ուժերի և տարածաշրջանում ամերիկյան բազաների աջակցության մասին Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ուժերի հարձակումներին,-ասել է Արաքչին։

Նա դիվանագետների   հետ հանդիպմանն ընդգծել է․«Մենք պաշտպանվում ենք, ինչը լիովին օրինական պաշտպանություն է, և մենք պաշտպանվում ենք հեղինակությամբ, և այս պաշտպանությունը մեր արձագանքն է ագրեսիային, ուստի եթե ագրեսիան դադարի, բնական է, որ մեր արձագանքները նույնպես կդադարեն»։

Նրա խոսքով՝ հարվածների նպատակն էր խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք ընթանում էին Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենար այսօր, սակայն չեղարկվել է։

Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Իսրայելի գործողությունները, ինչպես նաև հաստատել է, որ Թեհրանը պատրաստ է համաձայնության գալ, որում կնշվի, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի։ Սակայն, ըստ Արաքչիի, այս համաձայնագիրը չպետք է զրկի Իրանին իր «միջուկային իրավունքներից»։

 

Նորություններ