Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:
Ժամը 19։00-ի դրությամբ վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել են 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը տեղեկացրել է, որ վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։
Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։ Համացանցում պտտահողմից կադրեր են տտարածվել, մարդիկ լուսանկարել են պտտահողմի հասցրած վնասները։