Իրանա-իսրայելական հակամարտությունը կարող է բացասական ազդել ՀՀ տնտեսության վրա, հնարավոր է գնաճ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իրանա-իսրայելական հակամարտության՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցությանն ու ռիսկերին։
Նախարարն ասաց, որ բյուջետային փաստաթղթում կառավարությունը տարբեր սցենարներ է ներկայացնում, գնահատում ռիսկային սցենարների ազդեցությունը․«Օրինակ՝ եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,30%։ Ինչ վերաբերում է Իրանի եւ Իսրայելի միջեւ սրացմանը, էլի կան երեւույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երեւույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Եվ շատ բան կախված է սրացման աստիճանից ու դրա տեւողությունից»,-ասաց նախարարը։
Նա հիշեցրեց 2022 թվականը, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը․«Մենք, ելնելով 2014 թվականի մեր փորձից, միանգամից սկսեցինք նայել վատթարացված սցենարներ։ Բայց իրական կյանքը բարեբախտաբար եղավ մի փոքր այլ ու մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր անելիքները մնում են նույնը»։
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հակամարտությունը կարող է ազդել մեր մատակարարումների վրա, քանի որ մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաեւ կապված է Իրանից մատակարարումների հետ․«Դա կարող է խաթարվել, ապրանքները կարող են թանկանալ, մատակարարումների ժամկետը՝ երկարացվել։ Էլ չեմ ասում, եթե իրավիճակն այնպես դրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես համարեն ռիսկային միջավայր՝ ներդրումներ ներգրավելու, դա կարող է ազդել տոկոսադրույքի վրա»։
Նախարարի խոսքով․«Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները զբաղվում են լոգիստիկ մատակարարումների հետ կապված հարցերով, որը Իրանի միջոցով է տեղի ունենում, թե ինչպես նրանք կարող են կազմակերպվել այս միջավայրում, որի պատասխանը ես հիմա անմիջապես չեմ կարող տալ, քանի որ անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում»։
Նա նշեց, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել․«Բայց մենք պետք է հետեւենք զարգացումներին եւ հընթացս հասկանալ, թե ինչ կարող ենք անել, եթե կարող ենք անել որոշ բանկեր, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները»։