Վրաստանը խոստացել է կոնյակ տեղափոխող որոշակի քանակի բեռնատարներին թույլ տալ հատել սահմանն ու գնալ Ռուսաստան․Պապոյան

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Վրաստանը խոստացել է կոնյակ տեղափոխող որոշակի քանակի հայկական բեռնատարներին թույլ տալ հատել սահմանը և գնալ Ռուսաստան։
«Մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել։ Երեկ ասացին, որ 50 ավտոմեքենա թույլ կտան։ Մեկ ժամ առաջվա դրությամբ էլ արդեն 33 բեռնատարի դրական թույլտվություն է տրվել, և գործընթացը շարունակվում է»,- նշեց նախարարը:
Վրացական կողմն, ըստ Պապոյանի, կասկածներ ունի, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի: Մինչդեռ տարացման երկրներն, ըստ նախարարի, նման իրավունք չունեն․«Մենք այդ մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»։
Պապոյանն ասաց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել․«Մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»։
Հիշեցնենք, որ կոնյակագործները բողոքի ցույցերը սկսել էին մայիսի 13-ից, նրանք ահազանգում էին, որ հայկական բեռնատարներն անհարկի կանգնեցվում են վրաց մաքսայինների կողմից ու անհարկի ստուգումներ իրականացվում։