Ընտանիքում բռնություն գործադրած անձը կհսկվի էլեկտրոնային միջոցներով, որպեսզի չմոտենա զոհի տանը | Region

Ընտանիքում բռնություն գործադրած անձը կհսկվի էլեկտրոնային միջոցներով, որպեսզի չմոտենա զոհի տանը

Հունիս 20,2025 11:45

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կկիրառվի էլեկտրոնային հսկողություն, որպեսզի նա չկարողանա մոտենալ բռնության զոհի տանը։

Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Գործադիրը հավանություն տվեց  «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում  փոփոխությունների նախագծին։

Հիմնավորման մեջ նշված է, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

Այս միջամտության նպատակն է արգելել բռնարարին որոշակի ժամանակով մոտենալ զոհին կամ ընտանիքի անդամներին։

Եվ որպեսզի ոստիկանության՝ բռնարարի նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ իրականացվի, ինչպես նշված է հիմնավորման մեջ, առաջարկվում է իրականացնել էլեկտրոնային հսկողություն։

Նշված է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման  պրակտիկան:

Համապատասխան օրենքում լրացում է կատարվել, որը նախատեսում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ։ Պատասխանատվություն է սահմանվում էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում։

Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից։

 

Նորություններ