Վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում 2025 թվականի գարնան կլիմայական նկարագիրը.
«2025 թվականի գարնանը Հայաստանում տաք էր, իսկ տեղումների քանակը՝ բավարար։
2025 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը (6․8°C) նորմայից բարձր էր 1․8 °C-ով: Այն յոթերորդ տաք գարունն էր սկսած 1935 թվականից։ Գարնան երեք ամիսներներն էլ տաք էին, հատկապես տաք էր մարտ ամիսը, երբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2․9 °C-ով, որը մեղմացրեց ցրտահարության ռիսկերը Հանրապետության տարածքում։
Գարնան տեղումների քանակը՝ 211.3 մմ, բարձր էր նորմայից և կազմել է նորմայի 106․6 %-ը։ Տեղումնառատ էր ապրիլ ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի 132 %-ը, իսկ մարտին և մայիսին դիտված տեղումների քանակը նորմայից փոքր-ինչ ցածր էին՝ կազմելով նորմայի 92-93 %-ը։
Գարնան ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում (Շիրակ)՝ -23․0 °C, իսկ առավելագույն ջերմաստիճանը հասավ 36 °C-ի՝ Մեղրիում մայիսի 31-ին։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C։
Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում։
Հատկանշական է, որ վերջին տասնամյակում՝ 2014-2025 թթ․, Հայաստանում գերակշռել են շատ տաք և էքստրեմալ տաք գարունները, որը հավանաբար կլիմայի փոփոխության հետևանք է։ Տեղումների միջին քանակը գարնանը նվազել է մոտ 25 մմ-ով կամ նորմայի 12․7 %-ով՝ 1935-2025 թթ․ ժամանակահատվածում»։