ФСБ-ն պնդում է, թե հափշտակված 1,7 միլիոն ռուբլու ադամանդը Խաչատուր Սուքիասյանի ընկերությանն են հասցրել։ Պատգամավորի խոսնակը հերքում է ФСБ-ի լուրը | Region

ФСБ-ն պնդում է, թե հափշտակված 1,7 միլիոն ռուբլու ադամանդը Խաչատուր Սուքիասյանի ընկերությանն են հասցրել։ Պատգամավորի խոսնակը հերքում է ФСБ-ի լուրը

Հունիս 23,2025 14:04

Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Նա սոցիալական ցանցում   հայտարարություն է տարածել, հերքելով  Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ)  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերության հայտարարությունը, ըստ որի ծառայությունը Սուքիասյանին մեղադրում է ադամանդների հափշտակման կապի մեջ։

«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:  Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,-գրել է Մկրտչյանը:

Այսօր ՌԴանվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հետ համատեղ, կասեցրել է անձանց խմբի գործունեությունը, որոնք համակարգված կերպով բարձրորակ ալմաստի հումք են գողացել Ալռոսա ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա անօրինական վաճառքի և մաքսանենգության նպատակով… Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «АДМ Даймонд» ՍՊԸ-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է»։

Ըստ նույն աղբյուրի՝ այս գործում ներգրավված են եղել կոնցերնի աշխատակիցներից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին և Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։

«Մոտ 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ նշված անձինք ձերբակալվել են։ Հանցագործության կազմակերպիչները ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանդի հումքի մաքսանենգության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ ալմաստի հումք, զարդեր և գումար։

 

Նորություններ