Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին իշխանական Civic.am լրատվամիջոցը փաստաթուղթ հրապարակել, որն, ըստ այդ լրաատվամիջոցի, ընդդիմության «հեղաշրջման պլանն» էր։ Ըստ հրապարակման, դա գործողությունների փուլային ծրագիր էր, ներկայացվում էր ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։
Այս հրապարակումը շատ արագ սկսեցին տարածել վարչապետը, նրա կինը և իշխանական պատգամավորները, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե: Հաջորդ օրը, այսինքն՝ երեկ, Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների, մասնակիցների և մյուս ընդդիմադիրների տներում խուզարկություններ են ընթանում, ապա հաջորդեցին, ձերբակալություններն ու կալանավորումները։ Կալանավորվածների թվում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
ՔԿ-ն ձայնագրություններ է տարածել, որտեղ Բագրատ սրբազանը խոսում է գործողությունների մասին, որն, ըստ ձայնագրությունների, իշխանափոխության նախապատրաստում էր։