Արարատ Միրզոյանը Չինաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Չինաստանի հետ՝ այն բարձրացնելով նոր որակի՝ հիմնված փոխվստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։
Նա ընդգծել է, որ ընթացիկ համատեղ ջանքերն ուղղված են առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորմանը՝ ներառյալ քաղաքական երկխոսություն, տնտեսական փոխգործակցություն, ենթակառուցվածքային ծրագրեր և կրթամշակութային փոխանակումներ։
Տարածաշրջանում փոխկապակցվածության թեմայի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ Հայաստանի կողմից առաջարկվող կարևոր նախագիծ։
Նա նաև կարևորել է Չինաստանի հնարավոր ներգրավվածությունը տնտեսական և ներդրումային բաղադրիչներում։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Նա շեշտել է, որ կողմերը համաձայնեցրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը, որն արդեն պատրաստ է ստորագրման։
Նախարար Միրզոյանը ընդգծել է փաստաթղթի ստորագրման կարևորությունը՝ որպես վճռորոշ քայլ՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։