«Հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորոման։ ՀԷՑ-ում համատարած կրճատումներ չեն լինելու»․Ռոմանոս Պետրոսյան

«Իմ լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում՝ ոլորտը կարգավորող մարմնի օրենքով, էներգետիկայի մասին օերնքով, փակ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով։ Ես, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորություններն իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանուն ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԷՑ նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ գրասենյակ ժամանելիս։
Լրագրողի դիտարկմանը՝ հիմա դուք ուրիշի սեփական ընկերություն եք մտնում, սեփականատերն էլ կալանավորված է, Պետրոսյանը պատասխանեց․«Ամենայն հարգանքով խոշոր գործարարներին, սեփականատերերին, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում որպես իրավական պետություն, երաշխավորված է նաեւ Սահմանադրությամբ, բայց նույն սեփականատերերը, մասնավորապես, ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործունեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները այդ թվում նաեւ ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, գործադիրի մաս չէ, կարող է իմպերատիվ միջամտություններ անել և կանխարգելիչ գորոծղություններ իրականացնել տվյալ մարմնում։ Դա լիցնեզիայի պահանջներից մեկն է եղել։ Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին։ Որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,–ասաց նա։
ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք», Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնալով այս հայտարարությանն, ասաց. «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն այդ պաշտոնյան է»։
Յոթ տարի անց նոր հիշե՞լ եք, որ այս վիճակին են, թե՞ Սամվել Կարապետյանի՝ «մենք մեր ձևով կանենք» արտահայտությունն էր առիթը, այս հարցին ի պատասխան էլ Պետրոսյանն ասաց՝ միգուցե ձե՞զ հարցնենք՝ երբ ում հիշենք։ Ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ գործընթացն սկսել է դեռևս ամիսներ առաջ, գրեթե մեկ տարի առաջ Ազգային ժողովում լսումներով, որի հետևանքով երկու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ Այս գործընթացի սկիզբը դրվել է դրանով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը երկրորդ շրջանի պաշտոնավարման հենց սկզբից լքել է իր պաշտոնը, ինչպես նաև մոտ 8-9 ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել և գործընթացները, բնականաբար, ինստիտուցիոնալ հարթակներում մինչև մայիս վարչապետի հայտնի հանձնարարականը գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին, ՏԿԵՆ նախարարին՝ ոլորտում շեշտակի փոփոխություններ անհրաժեշտության մասին, առհասարակ, քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում։ Կարծես թե սեփականատերերը այդ ամբողջ գործընթացի կուլմինացիան, վերջնարդյունքը կանխազգալով, պրոցեսը տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։
Ինչ վերաբերում է Դավիթ Ղազինյանին, Պետրոսյանն ասաց, որ նա հիմա ի պաշտոնե իր ենթական է․«Նրա ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18:00, երբ ծանուցումը ստացել են և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»։
Նա վստահեցրեց, որ այս պահին աշխատանքից մասայական ազատումներ չեն նախատեսվում, սակայն ազատումներ կլինեն թոփ-մենեջերների շրջանում․«Կոնկրետ անձինք, ովքեր իրենց կառավարման արդյունքում ՀԷՑ-ը հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»։
Արդյոք թոփ-մենեջերներին աշխատանքից կազատեն նրանց հետ որոշ ժամանակ աշխատելուց հետո, երբ կպարզեն, որ օրինակ թերացում կա, թե՞ արդեն ունեն տվյալներ, ուսումնասիրել են, որ նրանք վատ են աշխատել, խախտումներ են թույլ տվել, այս հարցին ի պատասխան էլ ՀԷՑ կառավարիչն ասաց․«Վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ԺՊ-ի արած հայտարարությունները, այդ թվում՝ այս գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը կասկածի տակ դնելու մասով, տորբեդահարելով, համոզմունք ունեմ, որ այստեղ վստահության խնդիր կա, ու կոչ կանեմ Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է վստահության կորստի հիմքով նրան ազատելը»։
Պետրոսյանը վստահեցրեց, որ առաջիկայում հանրությանը կներկայացնի ՀԷՑ-ի գնումների գորխընթացի վերաբերյալ մանրամասներ, մատակարարումների մասին, սակագնի վրա ազդող այլ գործոնների հետ կապված գործընթացների մասին։
Նա դիմեց ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ խնդրելով իրենց աշխատանքը իրականացնել պատշաճ, չոտնահարել որևէ մեկի իրավունքը և գործել հանուն ՀՀ-ի ու քաղաքացիների, նաև տնտեսվարողի շահերի․«Բայց որևէ կերպ տուրք չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումներին, որովհետև սաբոտաժը քրորեն պատժելի արարք է, ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորոման, որը կբերի ՀԷՑ-ի աշխատանքի տարբեր ծավալների խաթարման»։
Անդրադառնալով Ղազինյանի պնդմանը, թե ՀԷՑ-ը մոտ 7000 աշխատակցի ունի, ու ՀԷՑ-ը վերցնելով՝ ՔՊ-ն այդ աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին ուղղորդելու է 2026 –ի ընտրություններին ՝ ՔՊ-ին ձայն տալու, Պետրոսյանը պատասխանեց․«Խնդրում եմ, ՀՀ քաղաքացուն չվիրավորել։ 7000-ը ՀՀ քաղաքացիներ են, որոնք յոթ տարի շարունակ համոզվել են, որ իրենց քվեի ուժն անբեկանելի է, իրենց ոչ ոք չի կարող ուղղորդել և ցանկացած քաղաքացի իր կամարտահայտումն իրականացնում է քվեախցում՝ առանց վերահսկողության»։
Արդյոք պետությունը կարող է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկա 2 տարում չի բարձրանա, այս հարցին ի պատասխան էլ Պետրոսյանն ասաց․«Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց այն բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ»:
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել հուլիսի 18–ին՝ Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ։ Հիշեցնենք,ր կառավարությունը ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ։
Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից (․․․ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավինՃ հետո սկսվեց նրա կալանավորման ու ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը։ Ապա ՔՊ-ն մի քանի օրում մշակեց ու ԱԺ-ում հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
Կալանքում գտնվող ուսաստանաբնակ մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը համարում են ապօրինի, նրանք չեն բացառել, որ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: