Փաշինյան․«Հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արձագանքում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
«Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ»,-այս մասին գիշերը իրավապահների ուղեկցությամբ իր առանձնատնից հեռանալիս լրագրողներին ասել է Սամվել Կարապետյանը։
Ի պատասխան Փաշինյանը գրառում է արել․«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից»։
Փաշինյանի գրել է ՀԷՑ-ի ազգայնացման մասին․«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 21-ի նիստում Փաշինյանը կրկին խոսել է այս թեմայով, նշելով, որ ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է, քանի որ տարբեր հաստատություններ իր այցի ժամանակ հոսանքն անջատվում է․« Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի: Ասեք՝ ինչպես: Խնդրում եմ թեման չցրել: Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ-ի ազգայնացման: Ամբողջական եւ կտրուկ: Սպառողներին տրված վնասի ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն: Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք: Ժամկետը՝ 1 ամիս»:
Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ի սեփականատեր է հանդիսանում Սամվել Կարապետյանը։
Նրա դեմ Փաշինյանը սկսեց սպառնալիքներով գրառումներ անել, երբ Կարապետյանը հայտարարություն արեց ի պատշպանություն Վեհափառի ու եկեղեցու։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Նրա այս հայտարարությունից հետո Փաշինյանը սոցիալական ցանցում երեկ գրել է․« Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
Այս գրառումից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն երեկ մի քանի ժամ խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։
Այս պահին Կարապետյանն ու նրա որդին դուրս են եկել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից: Թե ինչ կարգաիճակ ունի նա, հայտնի չէ։