«ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող։ Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»․Փաշինյանը Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնանակությանը, Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողություններին և մի շարք այլ հարցերին։
Թե ինչո՞ւ է Արմեն Աբազյանին հեռացրել պաշտոնից, Փաշինյանը պատասխանեց․«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտնում։ Աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից, նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, հինգ տարի լարված պայմաններում է աշխատել։ Հեշտ չէ»։
Արդյոք նրա պաշտոնանկությունը կապ ունի Սամվել Կարապետյանի տանը իրականացվող խուզարակությունների և եկեղեցու, հոգևորականների մասին Փաշինյանի գրառումների հետ, այս հարցին վարչապետը հստակ չպատասխանեց, միայն ասաց․«Ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ»։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու մասին հայտարարությանը՝ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», Փաշինյանն ասաց՝ դա եկեղեցու մասին չէր, դա Հայաստանի Հանրապետության մասին էր։
«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ինչ որ տեղերից ինչ որ մարդիկ կարող են գալ Հայաստան ու ինչպես իրենք են ասում «իրենց ձևերով ինչ որ բան անել»։ Հայաստանի Հանրապետությունն ունի արձագանքի կոնկրետ լծակներ և ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի տնեց բան ասի։ Ես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի։ ՀՀ ժողովրդավարական երկիր է ու յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական հանրային կյանքին մասնակցելու իրավունք։ Բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող։ Ինչքան էլ ժողովրդավարություն․․․ ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»։
Փաշինյանի խոսքով՝ շատերը ժողովրդավարութունը փորձում են նույնացնել թուլության հետ․«Նրանք, ովքեր կփորձեն շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում»։
Հարցին՝ այսինքն՝ ով որ ասի եկեղեցու կողքին է, նման ճակատագրի՞ն է արժանանալու, Փաշինյանը պատասխանեց․«Ով որ ասի՝ եթե քաղաքական գործիչներն ու ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, այո, արժանանալու է։ Այդ հայտարարությունը կապ չունի եկեղեցու ու եկեղեցու շահերի հետ»։
Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ հանձնարարական էր տվել ՀԷՑ-ի վերաբերյալ, ասել էր՝ կամ ՀԷՑ-ի՝ ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, կամ էլ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Նա նաև նշեց, որ բնակիչները դժգոհում են, որ հոսանքի տատանումների կամ անջատումների պատճառով մարդիկ վնասներ են կրում։
«Վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, որ այդ ամեն արվում է ՀՀ-ում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։ Ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի հետ, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել։ ՀԷՑ-ին հստակ ուղերձ տվել էին՝ կամ հաշվարկում են, թե ինչ վնաս եք տվել ժողովրդին, պետական և մասնավոր հաստատություններին․․․որ գյուղ, համայնք գնում եմ, մարդիկ ուղիղ հարց են դնում՝ հոսանքն անջատվեց, լվացքի մեքենան, սառնարանը վառվեց, ո՞վ է դրա պատասխանը տալու»,-ասաց Փաշինյանը։
«Եկեղեցին, տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»,-նշեց վարչապետը։
Կարապետյանն ասել է՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ», այսինքն՝ բիզնեսը ազգայանցնելով չեք կարող իր մտադրություններից հետ պահել, ի՞նչ եք անելու Կարապետյանի հետ, ինչպե՞ս եք Վեհափառին հեռացնելու, այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ-ում արդեն կա օրենքի նախագիծ ՀԷՑ-ը ազգայանցնլու մասին , իսկ քրեական վարույթներն այս տրամաբանության հետ կապ չունեն․«Կապ կստեղծվի, թե չէ, դա այլ խնդիր է»։
Ապա հավելեց․« ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի «իր ձևով» որևէ հարց լուծելը»։
Արդյոք այդ հայտարարություններում աշխարհաքաղաքական հետք տեսնում է, Փաշինյանն ասաց՝ բարդ բան է աշխարհաքաղաքականությունը, ամեն ինչի մեջ էլ կարելի տեսնել, նայած ինչքան նայես ու ինչ հեռավորությունից։