Աննա Օհանյան.«Եթե հարաբերությունների ապաշրջափակումը Հայաստանին թույլ կտա կապեր հաստատել Եվրոպայի հետ Թուրքիայի միջոցով, ապա ես սա համարում եմ մեծ հաջողություն» | Region

Աննա Օհանյան.«Եթե հարաբերությունների ապաշրջափակումը Հայաստանին թույլ կտա կապեր հաստատել Եվրոպայի հետ Թուրքիայի միջոցով, ապա ես սա համարում եմ մեծ հաջողություն»

Հուլիս 25,2025 17:12

Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության պայմանագիրը մոտ է»,-ասել է Թրամփը, նշելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է Վաշինգտոնի աջակցության շնորհիվ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին մամուլի ասուլիսում չբացառեց, որ Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի կառավարումը կարող է փոխանցվել մասնավոր ընկերության: Նա նշել է, որ ոչ միայն ԱՄՆ-ն է հետաքրքրված ճանապարհի աութսորսինգով, այլ նաև ԵՄ-ն։

Երեկ Factor-ի  եթերում իշխող կուսակցության պատգամավոր Արման Էղոյանն ասել է. «Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․
նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։

Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր, գիտնական, հինգ գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Աննա Օհանյանը RegionsTV-ի հետ զրույցում նկատեց՝ Աբու Դաբիում «Bring Two»  չի եղել, բայց կողմերը հաստատել են սահմանազատման շարունակման կարևորությունը, որը նա համարում է Խաղաղության պայմանագրի շատ կարևոր տարր: Նա նաև կարծում է, որ Ալիևը չի ստորագրի Խաղաղության պայմանագիր, սակայն կողմերը նախընտրել են երկկողմ ձևաչափը:

Աննա Օհանյան

Պրոֆեսոր Օհանյանի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, եթե սա դիտարկենք որպես խաղաղության գործընթացի մաս, ապա սա կարևոր է, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ամրապնդվում են բռնության, ագրեսիայի դեմ նորմերը և ստեղծվում են նախադեպեր՝ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու համար: Այլ կերպ ասած, որքան հաճախ հանդիպեն, այնքան լավ է կապերը պահպանելու համար»:

Աննա Օհանյանը չի կարծում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կլուծվեն երկկողմ խոշոր համաձայնագրով: Ըստ նրա՝ խաղաղությունը կլինի այլ ծրագրերի արդյունք. եթե շրջափակումը վերացվի, կսկսվի առևտուրը, միայն դրանից հետո հարաբերությունները աստիճանաբար, քայլ առ քայլ կբարելավվեն․«Ես մեծ նշանակություն եմ տալիս խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում և կստեղծի կանխատեսելիություն   հարաբերություններում, ինչը կարևոր է հետկոնֆլիկտային երկրներում»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի մտադրություններին, ապա Աննա Օհանյանն ասաց, որ չգիտի, թե որքանով է ԱՄՆ-ն հետաքրքրված միջնորդությամբ և որքան մեծ է նրա ախորժակը։ Այն փաստը, որ Վաշինգտոնը հետաքրքրված է այս տարածքով, ակնհայտ է և ողջունելի, քանի որ, ինչպես նշեց պրոֆեսորը, ընդհանուր միջազգային համակարգում ԱՄՆ-ի դերը փոքր պետությունների շրջանում անվտանգ, կանխատեսելի համատեքստեր և պայմաններ ստեղծելն է։ Այսինքն՝ շատ փոքր պետություններ իրենց անվտանգությունը կապում են Միացյալ Նահանգների հետ։ Սակայն նա կասկածներ է հայտնում ամերիկյան ներգրավվածության խորության և երկարաժամկետ բնույթի վերաբերյալ։

«Այս փուլում ԱՄՆ քաղաքականությունը հիմնականում շատ տրանսակցիոն է, այլ ոչ թե ինստիտուցիոնալ, ուստի ինձ համար դեռևս պարզ չէ, թե որքանով Վաշինգտոնը կներգրավվի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Լավագույն սցենարը կլիներ, եթե նրանք կարողանային հայ-ադրբեջանական հարաբերությունները առաջնային պլան մղել տարածաշրջանային համատեքստում, այսինքն՝ խորացնել կապերի հիմքերը ամբողջ Հարավային Կովկասում, ինչպես նաև զսպաշապիկ դնել Ալիևի վրա: Նմանատիպ նախադեպեր կան Բալկանյան երկրներում, որտեղ ԱՄՆ-ն դեր է խաղացել»,-նշեց Աննա Օհանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ աջակցությունը Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կայուն խաղաղության հիմնական տարր է։

«Միացյալ Նահանգները կարող է Եվրոպայի հետ համատեղ ստեղծել տարածաշրջանային կառույց, կարող է ապահովել ֆինանսավորում, հաղորդակցման մեխանիզմներ, կարող է ապահովել լոգիստիկ լուծումներ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն մնա միջազգային համակարգի շրջանակներում, զերծ մնա ագրեսիայից և, շատ կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասում խորանան ինքնիշխանության, ագրեսիայի դեմ նորմերը և հակամարտությունների խաղաղ կարգավորման նորմերը։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում», – ընդգծեց Աննա Օհանյանը։

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական իրադարձություն կլինի «միջին միջանցքի» համար, Աննա Օհանյանը նշեց, որ Թուրքիան շատ հետաքրքրված է «միջին միջանցքին» Հայաստանի միջոցով միանալուն։ Ըստ նրա՝չնայած Թուրքիան մուտք ունի «միջին միջանցք» Վրաստանի և Իրանի միջոցով, Հայաստանը Թուրքիային հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր կապերը «միջին միջանցքի» և տարածաշրջանի հետ։

Պրոֆեսոր Օհանյանը ընդգծեց, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը թույլ կտա երկրին դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները և ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։

«Թուրքիան փորձում է դառնալ կապերի հանգույց, զարգացնել էներգետիկ ենթակառուցվածքները և ապահովել, որ բազմաթիվ երթուղիներ անցնեն իր տարածքով։ Չնայած այն հանգամանքին, որ սա կարևոր է Թուրքիայի համար, Ադրբեջանը իրականում թույլ չի տալիս հայ-թուրքական սահմանի բացումը՝ դա կապելով Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության հետ։ Սա ցույց է տալիս ոչ թե Ադրբեջանի ուժը, այլ Թուրքիայի թուլությունը, քանի որ Ադրբեջանը, լինելով փոքր և ներքին թույլ պետություն, կարողանում է ազդել Թուրքիայի վրա՝ թույլ չտալով նրան ձևավորել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Իրականում Ալիևը օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը՝ հայ-թուրքական հարաբերությունները, որոնց հաստատումը շատ կարևոր դինամիկա է, փակ պահելու համար։ Այդ առումով Հայաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են այնքանով, որ երկուսն էլ շահագրգռված են, որ Հայաստանի հարավով, միջազգային նորմերի միջոցով բացվեն սահմանները և Թուրքիան կանխատեսելի կապ ստանա կենտրոնական Ասիայի հետ, և դեռ ավելի հեռուն»,-ասաց պրոֆեսոր Օհանյանը։

Տնտեսական օգուտներից բացի, Օհանյանը նշեց նաև Հայաստանի ապաշրջափակման հնարավոր աշխարհաքաղաքական օգուտները։

«Հայաստանի համար կարևոր է ապաշրջափակել հարաբերությունները և՛ Ասիայի, և՛ Եվրոպայի հետ։ Եթե այս ապաշրջափակումը թույլ կտա Հայաստանին կապեր հաստատել Եվրոպայի հետ Թուրքիայի միջոցով, ապա ես սա համարում եմ ամենակարևոր հաջողությունը։ Թուրքիան շատ է հետաքրքրված «միջին միջանցքով», որը նաև Հայաստանի շահերից է բխում։ Բայց այստեղ ամենակարևորն այն է, թե ինչ պայմաններում է դա տեղի ունենալու՝ ինքնիշխանության կանոններին համապատասխան, որոնց հետ բոլորը համաձայն են։ Ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը կկառավարի այս տարածաշրջանային ապաշրջափակումը, որից տուժում են ոչ միայն Հայաստանը, այլև այլ երկրներ, քանի որ Հայաստանի շրջափակումը հանգեցրել է տնտեսական կապերի անարդյունավետության. տարածաշրջանի երկրների ծախսերը մեծացել են», – ընդգծեց Աննա Օհանյանը։

 Զաբելա Ավագյանը

Նորություններ