Պարտադրանքն ու տուգանքը կա, սպանդանոց չկա․ անասնապահներն ու մսավաճառները դուրս կգա՞ն փակուղուց

Շիրակի մարզում գործող սպանդանոց չկա, բայց բակային մորթն արգելված է, սպանդանոցային մորթի պարտադրանքն էլ գործում է։ Մարզում 188․000 գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասուն է հաշվառված։ Ամենամոտ սպանդանոցը հարևան մարզում է, տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա։
Անասնապահների դժգոհությունը նույնն է․ կենդանուն մորթի նպատակով այդքան հեռու տեղափոխելու համար զգալի միջոցներ, ժամանակ և տեխնիկա է անհրաժեշտ։ Ելք չգտնելով՝ շատերը անասնագլխաքանակն են նվազեցրել։
Էկոնոմիկայի նախարարությունն էլ այլևս մասնավոր տնտեսվարողների հետ հույս չկապելով՝ սպանդանոցների խնդրով համայնքապետարաններին է դիմել։ Աշոցքի և Ախուրյանի համայնքապետերը նախաձեռնել են տիպային սպանդանոցներ կառուցել։ Արդյո՞ք սա կփոխի պատկերը, հավաստիացումներ դեռ չկան։
Իսկ Արեգնադեմ գյուղում հերթական մասնավոր սպանդանոցը շահագործել չի հաջողվում, փաստաթղթային խնդիրները ձգձգում են գործընթացը։
Սպանդանոցային մսի վաճառքի պարտադրանքի մասին որոշման ընդունումից 5 տարի անց դժգոհ են բոլորը՝ մսավաճառները, անասնապահները, սպանդանոց կառուցողները։