Արա Պողոսյան․«Ադրբեջանը շարունակում է սողացող պատերազմը Հայաստանի դեմ, ինչը ցույց է տալիս, որ ներկայումս երկարատև և համապարփակ խաղաղության մասին խոսք լինել չի կարող»

Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Բաքվի հետ՝ Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի որոշ դաշնակիցների միանալու համար:
Չնայած այս երկրներն արդեն իսկ դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել կապերը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան և ռազմական համագործակցությունը:
Քաղաքագետ Արա Պողոսյանը REGIONS TV-ի հետ զրույցում հիշեցնում է՝ Աբրահամի համաձայնագրերը, որոնք նպատակ ունեին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև, մշակվել են Թրամփի վարչակազմի կողմից և ուժի մեջ են մտել 2020 թվականին: Նա նշեց, որ Աբրահամի համաձայնագրերը քաղաքական և դիվանագիտական նշանակության բանաձև են, որը պետք է ստեղծի Իսրայելի շուրջ միջավայր, որը բաղկացած կլինի առնվազն հավատարիմ պետություններից, ինչը կապահովի երկրի երկարաժամկետ զարգացումը:
Քաղաքագետի խոսքով՝ Աբրահամի համաձայնագրերը, նախևառաջ, նշանավորեցին Իսրայելի և Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, իսկ ավելի ուշ՝ Սուդանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների և համագործակցության սկիզբը։ Կողմերը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ճանաչեցին միմյանց ինքնիշխանությունը և համաձայնության եկան համագործակցության ոլորտների շուրջ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները համոզեց Մարոկկոյի Թագավորությանը միանալ համաձայնագրերին՝ Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը ճանաչելու և տնտեսության մեջ ներդրումներ խոստանալու դիմաց։
Սակայն, Աբրահամի համաձայնագրերը համընդհանուր աջակցություն չեն վայելում արաբական աշխարհում: Ինչպես նշեց Արա Պողոսյանը, այս դեպքում արաբական աշխարհը երկիմաստ է, քանի որ մի շարք արաբական երկրներ սերտորեն համագործակցում են Իսրայելի հետ, իսկ սկզբունքային դիրքորոշում ունեցող մյուս երկրների շրջանակը աստիճանաբար նեղանում է: Եվ այստեղ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմավարական նպատակն է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առնվազն որոշ արաբական երկրների հետ և համագործակցության միջոցով ստեղծել բարեկամական կամ, առնվազն, ոչ թշնամական երկրների կոալիցիա Իսրայելի անմիջական հարևանությամբ: Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմը, ինչպես նաև Իսրայելը, շարունակում են ջանքեր գործադրել Աբրահամի համաձայնագրերը ընդլայնելու և նոր մասնակիցների ներգրավելու համար:
Պողոսյանի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների և Ադրբեջանի ներգրավումը այս «համագործակցությանը» լայն իմաստով ընդլայնում է Իսրայելի ազդեցությունն ու հնարավորությունները, ինչպես նաև հնարավորություն է տալիս մուտք գործել Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հանքային և էներգետիկ պաշարներ։ Չնայած ԱՄՆ-ի հետաքրքրությանը այս նախագծի նկատմամբ, Արա Պողոսյանը, հաշվի առնելով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի բացասական վերաբերմունքն ու մտահոգությունները, դրա իրականացումը առաջիկա տարիներին անհավանական է համարում։ Մյուս կողմից, իր պանթուրքական ծրագրերն իրականացնելու համար Թուրքիան լուրջ ռեսուրսներ է կենտրոնացրել Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, և, Պողոսյանի խոսքով, նա չի հրաժարվի իր դիրքորոշումներից, հատկապես որ թյուրքալեզու պետություններն արդեն խոսում են համատեղ անվտանգության մեխանիզմներ ստեղծելու և նույնիսկ համատեղ բանակ ստեղծելու մասին։
«Վաշինգտոնի ցանկությունը՝ Ադրբեջանը դարձնել Աբրահամի համաձայնագրերի կողմ կամ մաս, ունի մի փոքր ավելի հեռահար նպատակ։ Ենթադրաբար, Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել այս համաձայնագրի մասնակիցների շրջանակը և այն վերածել տարածաշրջանային համագործակցության հարթակի՝ Իսրայելի գերիշխանության ներքո։ Այլ կերպ ասած, սա ոչ միայն Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերություններ և համագործակցություն կառուցելու ձևաչափ է, այլև «դաշինք», որը ստեղծվել է ապագայում եվրասիական հիմնական խաղացողներին զսպելու համար, որից, իհարկե, Թեհրանը, Մոսկվան, Պեկինը և նույնիսկ ԵՄ-ն պետք է զգուշանան», – ասաց քաղաքագետը։
Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշնակիցներ են, և Ադրբեջանի միացումը «Աբրահամյան համաձայնագրերին» ֆորմալացնում է Ադրբեջանի պարտավորությունները Իսրայելի առաջ ու Ադրբեջանը դարձնում իսրայելական և ամերիկյան ուժերի տնտեսական, քաղաքական, ռազմական պլացդարմ կասպիական ավազանում․«Ավելին, պայքարը կրկին ռեսուրսների համար է, Ադրբեջանն Արևմուտքում Կասպից ծովի ավազանի հարստության դարպասն է: Սա, ըստ էության, կդառնա ԱՄՆ նոր եվրասիական քաղաքականության ռազմավարական տարբերակներից մեկը: Այս գործարքի արդյունքում Ադրբեջանը կստանա ԱՄՆ-ի և Իսրայելի անվերապահ աջակցությունը, ինչպես նաև ամերիկյան և արաբական շուկաներ անարգել տնտեսական մուտքը»:
Նշենք, որ Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու համար Վաշինգտոնը նախապայման է դնում՝ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Հիշեցնենք, որ Middle East Eye-ը հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այս ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ակնկալվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով պարտավորվում են ձգտել խաղաղության»,-գրել է լրատվամիջոցը։
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է՝ ուրբաթ օր Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ, Սպիտակ տանը նախատեսվում է եռակողմ՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպում։
Այս անչությամբ Պողոսյանն ասաց՝ Թրամփն իսկապես պետք է ցույց տա, որ իր խաղաղապահ ջանքերն արդյունավետ են, և որ իր ջանքերի շնորհիվ է լուծվում ամենաարյունալի հակամարտություններից մեկը․«Սակայն գործնականում ամեն ինչ այնքան էլ հեշտ և պարզ չէ, որքան ներկայացվում է։ Եվ այն փաստը, որ «Խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի, այլևս կասկածի տակ չէ։ Եվ «հարաբերությունների կարգավորման» մասին հայտարարությունը, որի իմաստը կարճաժամկետ նպատակների իրականացումն է, նախաձեռնություն է, որը որևէ իրավական հետևանք չի ենթադրում։ Այս դեպքում բացարձակապես կարևոր չէ՝ հայտարարությունը բանավոր է, թե գրավոր, քանի որ երկու դեպքում էլ գործընթացի տրամաբանությունը և հետևանքները նույնը կլինեն»։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Արա Պողոսյանը ներկայումս չի տեսնում այս երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն։
«Երկու հակամարտող կողմերի միջև առկա ստատուս քվոն ձևավորվել է ագրեսիվ պատերազմի արդյունքում, որից հետո Ադրբեջանը չի բանակցում Հայաստանի հետ, այլ, ընդհակառակը, ստիպում է նրան բավարարել իր ցանկությունները պատերազմի սպառնալիքով, ուժի կիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքով, ինչը չի կարող լինել երկարատև խաղաղության հիմք։ Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր սողացող պատերազմը Հայաստանի դեմ, ինչն ինքնին ցույց է տալիս, որ ներկայումս երկարատև և համապարփակ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Սա պարզապես խաղաղության պատրանք է, խաղաղության գործընթաց, որը կարող է չեղարկվել ցանկացած պահի», – ընդգծեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը, խոսելով Աբրահամի համաձայնագրերին նոր երկրների միանալու մասին, Ադրբեջանի հետ մեկտեղ հիշատակել էր նաև Հայաստանը։ Արա Պողոսյանն այս առնչությմաբ ասաց՝ հաշվի առնելով այն փաստը, որ պաշտոնական Երևանը չի վարում բաց, թափանցիկ և հրապարակային քաղաքականություն, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, դժվար է կանխատեսել պաշտոնական Երևանի արձագանքը։ «Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները խոսում են բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, ինչն ինքնին ենթադրում է, որ Հայաստանը չի կարող միանալ այնպիսի համաձայնագրի, որը կստեղծի կոնֆլիկտային հարաբերություններ Հայաստանի միակ հուսալի հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,-նկատեց Պողոսյանը։
Անդրադառնալով Սյունիքում տրանսպորտային ենթակառուցվածքների, մասնավորապես Սյունիքի ճանապարհի վարձակալության ԱՄՆ առաջարկի մասին՝ Արա Պողոսյանը նշեց, որ չնայած ԱՄՆ-ի առաջարկը տեխնիկապես հնարավոր է, այն քաղաքականապես անիրատեսական է։
«Հաշվի չեն առնվել տարածաշրջանային հիմնական դերակատարների շահերը, հակասություններն ու մտահոգությունները, ինչը գործնականում անհնար է դարձնում նման նախագծի իրագործումը։ Հատկապես վերջին օրերին տարբեր իրանցի պաշտոնյաների կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին կոշտ հայտարարություննրը վկայում են այն մասին, որ տարածաշրջանի երկրների միջև կոնսենսուս չկա, իսկ կոնսենսուսի բացակայությունը նման մեգանախագծի իրականացմանը վտանգող լրջագույն գործոն է»,-նշեց քաղաքագետը։
Զաբելա Ավագյան