Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ․ Middle East Eye | Region

Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ․ Middle East Eye

Օգոստոս 05,2025 13:15

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հուշագիր կստորագրեն Թրամփի միջնորդությամբ։ Այս քայլը երկու երկրներին պարտավորեցնում է ապագա խաղաղության համաձայնագրին՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության աճի ֆոնին։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։

Լրատվամիջոցը հղում անելով թեմային ծանոթ տարածաշրջանային իր աղբյուրներին, գրում է՝ «ակնկալվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով պարտավորվում են ձգտել խաղաղության»։

Middle East Eye-ի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալության նախկին թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցում  գրել էր, որ Թրամփը պատրաստվում է ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս առնչությամբ  ՀՀ կառավարությունից,  ըստ էության, ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, նշել են, թե «նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական  հաղորդագրություն»։  

Middle East Eye-ը հիշեցնում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանի գլխավոր պահանջներից է՝ «ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի տարածքի մասին հղումների հեռացնելը, սա մի քայլ է, որը կպահանջի ազգային հանրաքվե Հայաստանում»։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Սպիտակ տանը սպասվող գագաթնաժողովին նախորդել էր երկու առաջնորդների միջև հուլիսին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։  Այդ հանդիպումից հետո Ալիևն ասել է, որ երկու երկրներն էլ կարող են մի քանի ամսվա ընթացքում վերջնականապես մշակել համաձայնագրի տեքստը, կամ գոնե դրա հիմնական սկզբունքները, և այնուհետև նախաստորագրել դրանք։

«Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելը, դրանց նախաստորագրումը, ապա տեքստի վրա աշխատանքը կարող է լինել տարբերակ», – ասել էր Ալիևը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կախված է Հայաստանի կողմից իր Սահմանադրության փոփոխությունից։

Middle East Eye-ի աղբյուրները հավելել են՝ «սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական ​​ձեռքբերում, որը նա ձգտում էր տարածաշրջանում անցյալ ամսվանից ի վեր»։

 

Նորություններ