Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան | Region

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Օգոստոս 06,2025 12:51

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար, զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք, որից 300-400 ԱՄՆ դոլարը զորակոչային բաժանմունքի վարիչը 2024 թվականի փետրվարի 1-ին փոխտնօրենի աշխատասենյակում փոխանցել է վերջինիս։

Վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հակակոռուպցիոն կոմիտե

Նորություններ