Իջևանի կարի արտադրամասի ազգությամբ հնդիկ աշխատակիցները գործադուլը դադարեցրել են․տնօրինությունը խոստացել է աշխտավարձը վճարել, բարելավել աշխատանքային պայմանները

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի ազգությամբ հնդիկ աշխատողների խնդիրը լուծվում է․ նրանք դադարեցրել են գործադուլը, վերադառնում են աշխատանքի։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի 205 քաղաքացիներ, որոնք աշխատում են նշված արտադրամասում, օգոստոսի 6-ին գործադուլ էին սկսել, նրանք փակել էին Իջրան-Երեւան ճանապարհը, պնդում էին, որ գործատուն չի վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձը, վստահեցնում էին, որ վատ պայմաններում են աշխատում։
Երեկ ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոսն էր այցելել «դեպքի վայր», նա մասնակցել է հնդիկ աշխատակիցների ու ֆաբրիկայի ղեկավարության միջև բանակցություններին։ Ֆաբրիկա էին այցելել նաև Աշխատանքի տեսչական մարմնի, ՄԻՊ-ի ներկայացուցիչները։
Բանակցությունների ժամանակ տնօրենը վստահեցրել է, որ առաջիկա օրերին կվճարի աշխատավարձի պարտքը, ինչպես նաև խոստացել է բարելավել աշխատանքային պայմանները, պայմանագրով սահմանվածից ավելի չծանրաբեռնել, նաև՝ բռնություն չգործադրել աշխատակիցների նկատմամբ։
Հնդիկ աշխատակիցները Epress.am-ի թղթակցին պատմել էին, որ իրենք ապրում են կարի ֆաբրիկայի տարածքում, այն Իջևանի նախկին հանրախանութն է։ Տնօրինություը 24 ժամ 41 տեսախցիկների և բազմաթիվ հսկիչների միջոցով վերահսկում է հնդիկ վարձու աշխատողներին։ Նրանք վստահեցրել են, որ «իրենց մուտքն ու ելքը սահմանափակված է, հնդիկ աշխատողներին արգելվում է անձնական հարաբերություններ ունենալ, գարեջուր խմել, գնալ Իջևանի կենտրոնական սրճարաններ և այլն»։
Ընդ որում, ինչպես պատմել են գործադուլի մասնակիցները, որոնք տեսանյութ էին տարածել, ծանր պայմաններում են աշխատում՝ կարի մեքենայի դիմաց 10 ժամ, մեկ անգամյա ընդմիջում, երկու անգամ էլ 15 րոպեով կարող են սուրճի ընդմիջում անել։ Ընդ որում, տնօրինությունը բռնությունների է դիմել, գործադուլի մասնակիցները պատմել են, որ եթե դանդաղ էին աշխատում, տնօրենությունը զենքով էր սպառնում։
Այսօրվա բանակցություններում տնօրենությունը խոստացել է, որ նարնց աշխատավարձը 50 դոլարով կբարձրացնի, չնայած՝ բանվորները թերահավատ են այս հարցում։ Պայմանագրով աշխատակիցների բուժսպասարկման ծախսերը ընկերության վրա է, սակայն մինչ օրս, ինչպես պնդում էին հնդկաստանցի աշխատակիցերը, դա չի արվել։ Հիմա տնօրենը խոստացել է, որ կկատարեն պայմանագրի այդ կետի պահանջը։
Նշենք, որ 2024 թվականից «Գրանդ տեքստիլ» ընկերության սեփականատերը ազգությամբ ռուս Տիմուր Օսիպովն է: Կարիարտադրամասը գործում է hենց այդ ժամանակվանից ու հենց այդ ժամանակ էլ ներգրավվել են հնդիկ աշխատակիցներ։